Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովը կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովի մեկնարկին եույթ կունենան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Համաժողովին մասնակցում են պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:
Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում», ««Ազգ-բանակ. Անվտանգության բանաձև» թեմաներով:
Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն:
«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-ից 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ: