Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը եւ Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը միասին խորհրդանշական կոճակի սեղմամբ բացել են «Բանակ-2017» երրորդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը, որը մինչւ օգոստոսի 27-ը կշարունակվի «Պատրիոտ» զբոսայգում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ևս օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և մասնակցում է «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
«Համաժողովին մասնակցելու համար իրենց պատվիրակություններն են ուղարկել հարյուրից ավելի պետություններ, որոնցից քսանը գլխավորում են պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Եվս 15 պատվիրակություններ գլխավորում են գլխավոր շտաբների պետերը եւ պաշտպանության փոխնախարարներ: Ընդամենը համաժողովի աշխատանքին կմասնակցեն օտարերկրյա ռազմական գերատեսչությոնների 300-ից ավելի ներկայացուցիչներ»,-նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Այս տարի համաժողովի կազմակերպիչներն զգալիորեն մեծացրել են ստատիկ ցուցադրանքների, օդում, գետնի վրա եւ ջրում ռազմական տեխնիկայի հնարավորությունների դինամիկ ցուցադրման մասշտաբները, ինչպես նաեւ գիտագործնական ծրագրի միջոցառումների թվաքանակը: 1,2 հազար ձեռնարկությունների ցուցահանդեսային տաղավարներում կներկայացվեն պաշտպանության եւ անվտանգության ոլորտի 18,5 հազարից ավելի մշակումներ եւ տեխնոլոգիաներ:
Համաժողովին մասնակցում են 78 օտարերկրյա պաշտպանական ձեռնարկություններ 14 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Պակիստանից, Սլովակիայից, Թաիլանդից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Չեխիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կորեայի Հանրապետությունից: Ազգային ցուցադրանքներ կներկայացնեն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Պակիստանը, Սլովակիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը: