2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը:
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն, Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Միշել Գիշաղը, Վրաստանի փաստաբանների պալատի նախագահ Դավիդ Ասատիանին:
Բացման խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու համար:
Իր խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարևորել է համագործակցությունը մասնագիտական մակարդակներում և նշել, որ այս համաժողովը հանդիսանում է դրա վառ ապացույցը:
«Փաստաբանության ինստիտուտը ժամանակակից ժողովրդավարական պետություններում զբաղեցնում է նշանակալից տեղ, քանի որ հենց վերջինիս դրությունը համարվում այն հիմնական ցուցիչներից մեկը, որով գնահատվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանվածության մակարդակը համապատասխան հասարակությունում:
Ժողովրդավարական երկրները պետության և իրավունքի զարգացման ամբողջ ընթացքում ձգտում են ձևավորել անկախ և ինքնակառավարվող փաստաբանության ինստիտուտ, զարգացնել այն, քանզի փաստաբանությունը բնութագրում է քաղաքացու իրավական պաշտպանվածության մակարդակը: Հետևաբար, պատահական չէ, որ շատ պետություններ ճանաչում են փաստաբանությունը սահմանադրական մակարդակում՝ որպես իրավաբանական օգնության ստանալու իրավունքի երաշխիք» , - նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:
Սիմոն Բաբայանը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է առավել արդյունավետ օգտագործել գոյություն ունեցող բոլոր գործիքակազմերը, որոնք նպաստելու են փաստաբանության ինստիտուտի զարգացման և քաղաքացիների իրավական պաշտպանվածության ապահովմանը:
Նա նաև հույս է հայտնել, որ գոյություն ունեցող համագործակցության հարթակների, փաստաբանական համայնքների սերտ կապի առկայության պայմաններում, մենք, ունենալով իրավական և փաստական հիմքեր, պետք է ապահովվենք փաստաբանի անդրսահմանային արդյունավետ գործունեությունը: Իր ելույթի ավարտին Սիմոն Բաբայանը նկատել է, որ առկա են բոլոր նախադրյալները փաստաբանների անդրսահմանային գործունեությունը ապահովելու և համագործակցությունն ամրապնդելու համար:
«Շատ հաճախ մեր կողմից ընդգծվում է փաստաբանության առանձնահատկությունը և բացառիկությունը, սակայն ժամանակակից պայմաններում փաստաբանությունը զիջում է իր առաջատար դիրքը, իրավաբանական ծառայություններ մատուցող այլ մասնակիցներին, քանի որ նրանք գործում են փաստաբանության համար ամրագրված սահմանափակումներից դուրս:
Նշվածը նկատի ունենալով՝ ակնկալում եմ միասին խոսել առաջադրված հարցերի շուրջ և քննարկել հնարավոր խնդիրները» ,- ելույթը եզրափակել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ գործընկերներին մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Միջազգային համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել փաստաբաններ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ղազախստանից: Քննարկվել են փաստաբանության՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտի զարգացման միտումները, անդրսահմանային համագործակցության հնարավորությունները և առաջացող մարտահրավերներն ինտեգրացիոն գործընթացներում:
Հ․Գ Միջազգային համաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և լուսանկարներ կներկայացնենք առանձին հրապարակումներով: