ՀՀ արդարադատության նախարարությունը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ, Երևանում մարտի 12-ին կազմակերպել է կլոր-սեղան քննարկում՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նոր մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատո ւթյան նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրի ղեկավար Կամիլ Գանգլոֆը, Միջազգային ինստիտուտների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության բաժնի աշխատակից Մաթիաս Կլոթը, ՄԻԵԴ նախկին իրավաբան, ԵԽ փորձագետ Անա-Մարիա Թելբիսը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել ՄԻԵԴ-ում գանգատների ընդունելիության նոր չափանիշներին և առկա մարտահրավերներին, ՄԻԵԴ-ում քննության ենթակա գործերի մեծ քանակի և դրանով պայմանավորված խնդիրների լուծման ուղիներին: Մասնավորապես, ներկայացվել են դատարանում գործերի կուտակման պատճառները, կրկնվող գործերի նկատմամբ մեթոդաբանական և համակարգված մոտեցումը, ձևավորված նախադեպային իրավունքների և դրա շրջանակում երեք դատավորներից բաղկացած հանձնաժողովի կողմից գործերի քննության կարգն ու այլ կարևոր հարցեր:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ձևաչափով քննարկումների անցկացումը: Նրա խոսքով՝ մեկնարկած այս ծրագիրը կապված է ՀՀ ԱՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության գործունության հետ և ուղղված է Եվրոպական դատարանի իրավական չափանիշների ներդրմանը, դրանց առավել լիարժեք իրացմանը: «Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ-պետություն այսօր անհանգստացած է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև ծառացած խնդիրներով, և յուրաքանչյուր պետություն փորձում է միջոցներ ձեռնարկել այս ինստիտուտի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասել է նախարարի տեղակալը:

 

Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև ad-hoc դատավորների ինստիտուտի ներդրմանը, կարևորել մեկ դատավորի կազմով գործերի քննության կարգն ու ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետությունը:

 

Ծրագրի համակարգող Կամիլ Գանգլոֆն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը համագործակցության համար և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի: «Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում լիարժեք բարելավել մարդու իրավունքների երաշխավորման համակարգը, որը և գտնվում է Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ-պետությունների ուշադրության կենտրոնում»,- նշել է Կամիլ Գանգլոֆը:

 

ԵԽ փորձագետ Անա-Մարիա Թելբիսը խոսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության և մարտահրավերների մասին, ներկայացրել ՄԻԵԴ-ում քննության ենթական գործերի վիճակագրությունը, ՄԻԵԴ-ում Հայաստանից քննության ենթակա գործերի քանակը: Տարեկան այն կազմում է 1040, որից 184-ը մեկ դատավորի կազմով քննվող գործեր են:

 

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ դատական դեպարտամենտի, Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ իրավապաշտպաններ: