«Կլոր Սեղան» հիմնադրամը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար քաղաքացիներից 500-ական դրամ է խնդրում։ Մի քանի օր է՝ բջջային հեռախոսահամարներին հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկում․
«Ուղարկեք CORONAVIRUS բառը 6428 համարին և նվիրաբերեք 500 դրամ վարակի սոցիալական հետևանքները հաղթահարելու ծրագրին: ԿԼՈՐ ՍԵՂԱՆ հիմնադրամ, roundtable-act.am»։
«Նախաձեռնությունը կլոր սեղան հիմնադրամինն է, համագործակցում ենք և՛ բջջային օպերատորների, և՛ այլ կազմակերպությունների հետ։ Մենք այս դրամահավաքը իրականացնում ենք, որպեսզի աջակցենք սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք չեն կարողանում տանից դուրս գալ՝ համավարակով պայմանավորված, և, բնականաբար, սննդի կարիք ունեն։ Պետության սոցիալական ապահովության ծառայության ներկայացուցիչները կազմել էին փաթեթ, որը, մոտավորապես, 12 հազար 500 դրամ արժողության փաթեթ էր, և, դրա կազմման հիման վրա, մենք հաշվարկներ կատարեցինք և հասկացանք, որ պետք է օգնել մարդկանց»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասացին «Կլոր Սեղան» հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մինչ այս նախաձեռնությունն իրականացնելը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և իրենց հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների օգնությամբ այլ աջակցության ծրագրեր են իրականացրել․ «Երկու հազարից ավելի ընտանիքներ մարզերում աջակցություն են ստացել, 20 հազարից ավելի դիմակներ են կարվել, բաժանվել համապատասխան կառույցերին, անհատներին և սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այս նախաձեռնությունը նախորդների շարունակությունն է՝ փորձելով ընդգրկել ավելի լայն շրջանակներ։ Դրամահավաքներ կազմակերպվում են տարբեր կազմակերպությունների կողմից, օրինակ, վերջերս «Հայկական Կարիտաս»-ն էր կազմակերպել, որը հիմնվել է Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից»,- հայնտեցին նույն բաժնից։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր իրեն ուղարկված հաղորդագրությամբ և կից գրառել․ «Մեզ էլ տվեք ընդամենը մարդա 300 դրամ, սրտանց կխմենք վիրուսից զոհվածների կենդանի կենացը ու երկար տարիների կյանք կցանկանանք սաղ մնացած մեր քրերին ու ախպերներին»։
Փաստորեն, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները, որոնք ազդում են քաղաքացիների ապրելակերպի վրա, պետք է չեզոքացվեն հենց քաղաքացիների միջոցներով։
Նշենք, որ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: «Կլոր սեղան» հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997թ.) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո:
Հիմնադրամը էկումենիկ կազմակերպություն է, որը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով աշխատում է ակտիվորեն նպաստել աղքատության վերացման, կայուն համայնքների զարգացման, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:
Արփինե Հակոբյան