ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ հոկտեմբերի 6-7-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի կունենա «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը:

 

Համաժողովը 2009թ. օգոստոսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Գրիգոր և Կլարա Զոհրապ» տեղեկատվության կենտրոնի կազմակերպած հայկական գրադարանների առաջին համագումարի և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայ գրատպության 500-ամյակի» հանդիսությունների շրջանակում 2012թ. կազմակերպված հայկական գրադարանների երկրորդ միջազգային համաժողովի շարունակությունն է:

 

Համաժողովի ընթացքում քննարկումները կլինեն երեք հիմնական թեմատիկ ուղղություններով' գրքափոխանակության կազմակերպում հայագիտական հաստատությունների միջև, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և Հայկական տպագիր ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում, որն իր մեջ ներառում է երկու' հայ հնատիպ գրքի համահավաք շտեմարանի և հայ պարբերական մամուլի համահավաք շտեմարանի ստեղծման վերաբերյալ հարցեր:

 

Համաժողովին անդրադարձ կկատարվի նաև հայկական գրադարաններում և հայագիտական կենտրոններում հայ հնատիպ գրքերի առկայությանը, եզակի հավաքածուների թվայնացման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքներին, հավաքածուների էլեկտրոնային մատենագիտական նկարագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հայագիտական հավաքածուների տեսանելիությանը համացանցում, հազվագյուտ հավաքածուների պահպանման ու վերականգնման հարցերին։