Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մայիսի 27-ին մեկնարկել է «Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից)» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակին: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, գիտաժողովը բացվել է Մայր Աթոռի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի խոսքով: Առաջին նիստը նախագահել են դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը:
Նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Հայր Աթանաս Շառլ Ռենուն («Երգ երգոցի մի ընթերցում Կիլիկյան ճաշոցում»), ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ պ.գ.թ. Արամ Հովհաննիսյանը («Կիլիկյան Հայաստանի և Իկոնիայի սուլթանության հարաբերությունների պատմությունից (ԺԳ դարի 40-ական թվականներ)»), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից պ.գ.թ. Վահե Թորոսյանը («Թագադրման ծեսը Կիլիկիայի հայկական թագավորությունում»), Գերմանիայից դոկտոր Փիթեր Հալֆթերը («Եկեղեցական միության վերականգնման փորձեր Հայաստանի և Հռոմի միջև») և ՀՀ ԳԱ Ա պատմության ինստիտուտից պ.գ.թ., դոցենտ Դավիթ Թինոյանը («Հեթում Ա-ի հոգևոր և աշխարհիկ գործունեությունը»):
Երկրորդ նիստի համանախագահներն են եղել պ.գ.դ. Ազատ Բոզոյանը և դոկտոր Փիթեր Հալֆթերը: Նիստին իրենց զեկույցներն են ներկայացրել արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը («Թորոս Ռոսլինի նկարազարդած ձեռագրերի փորձություններն ու փրկությունը»), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից պ.գ.թ. Զոհրապ Գևորգյանը («Անանուն ջենովացու պոեմը և Հեթում Պատմիչի «Ժամանակագրությունը» Այասի ափերին 1294թ. տեղի ունեցած Վենետա-ջենովական ծովամարտի մասին») և ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնից Էմմա Չուգասզյանը (&laq uo;13-րդ դարի Կիլիկիայի հայկական մանրանկարչությունը և իտալական արվեստը»):
Եռօրյա գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի համատեղ ջանքերով: Գիտաժողովին մասնակցում են 23 գիտնականներ Հայաստանից և արտերկրից: