Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վիրահատվել է Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի գրավման օրերին մասսայական անկարգության գործով մեղադրյալ Արարատ Խանդոյանը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նրա պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ իր պաշտպանյալն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սակայն նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունի:
«Այսօր պետք է տեղափոխեին բժշկական կենտրոն՝ ստուգումներ անելու, որ տեսնեն՝ ինչպես է վիճակը, բայց դեռևս տեղեկություն չունեմ»,- նշեց պաշտպանը:
Արդյո՞ք քրեակատարողական հիմնարկում վիրահատված անձին պահելու համապատասխան պայմաններ կան հարցին Ղարագյոզյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դեռ չի տեսել իր պաշտպանյալին:
Պաշտպանի խոսքով՝ Արարատ Խանդոյանը աչքի վնասվածքը ստացել է անցյալ տարվա հուլիսի 20-ին, ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ, հատուկ միջոցի կիրառման հետևանքով. «Մինչ այս՝ իմ պաշտպանյալը բազմիցս դիմել և տեղեկացրել է, որ նման խնդիրներ ունի, սակայն 8 ամիս անց՝ նոր տեղի ունեցավ վիրահատությունը: Թե որն էր պատճառը, որ մինչ այս չէր իրականացվում վիրահատությունը, ես հարցադրումներ եմ ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին, սակայն դեռ չունեմ պատասխան»,- ընդգծեց նա՝ հույս հայտնելով, որ մոտակա օրերին կստանա պատասխանը»:
Հիշեցնենք՝ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Սոնա Հարությունյան