«Քաղաքը կարոտ է մաքրության՝ մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների։ Եվ եթե միասին ու միակամ լինենք, ոչ ոք և ոչինչ ի զորու չեն լինի դեմ կանգնել մեր ցանկությանը, մեր երազանքի՝ համահայկական մայրաքաղաքին…»:

Էմանուել Աթաջանյան

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի վարդապետ

15 ապրիլի, 2017

 

Թամանյանը ստեղծեց ԱՐԵՎԻ քաղաքը' ժամանակակից հայ ժողովրդի մայրաքաղաքը: Երևանը, դառնալով հայ ժողովրդի 12-րդ մայրաքաղաքը, հանդիսանում է կենտրոն' հայկական վարչաքաղաքական, տնտեսական, կրթական, գիտական և մշակութային կյանքի։

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխությունը Հայաստանում, անցումը շուկայական տնտեսության և մասնավոր սեփականության 1990-ական թվականներին' անդրադարձ ունեցան նաև քաղաքաշինության, այդ թվում' քաղաքի կենտրոնի կառուցապատման զարգացման գործընթացի վրա: Փոխվեց ճարտարապետության սոցիալական էությունը: Շինարարության հիմնական պատվիրատուն պետության փոխարեն դառնում է մասնավոր կապիտալը, որը բերում է ճարտարապետաշինարարական գործընթացների արմատական փոփոխության: Քաղաքաշինության քաոսային զարգացումն առաջին հերթին դրսևորվեց քաղաքի կենտրոնում, որը կարիք ուներ վերակառուցման և նոր կառուցապատման:

Երևանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է և այլևս կառուցապատման տեղ չկա: Այս հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մենք մի կողմից զրկվեցինք պատմական շենքերից, մյուս կողմից' խիտ կառուցապատում ունեցանք, որտեղ նաև զավթվեցին հանրային կանաչ տարածքները:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների' 2005-2015 թվականներին Երևանում կառուցված միայն բնակելի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2 միլիոն 656 հազար քառակուսի մետր, ինչը գրեթե վեց անգամ գերազանցում է նորանկախ Հայաստանի' 1991-2004 թվականների ժամանակահատվածի ցուցանիշը:

Երևանի կենտրոնի բնակելի կառուցապատման հիմնական քաղաքաշինական խնդիրները.

քաղաքային համալիր կոմպոզիցիոն անորոշության երևույթի համընկնումը հնի և նորի հետ, որը պայմանավորված է տարբեր ժամանակներում կառուցապատման' հետևողական ձևավորված տարրերի կոմպոզիցիոն ազդեցության բացակայությամբ,
ամբողջությամբ ճարտարապետության միասնականության անկումը' պայմանավորված քաղաքաշինական կոմպոզիցիոն պահանջների աստիճանական թուլացմամբ և կառուցապատման հին ու նոր սկզբունքների պահանջների բախումով, ինչպես նաև' կառուցապատման կոնկրետ մոդելների բացարձակ բացակայությամբ,
թաղամասերի անվտանգության ցածր մակարդակը, որը պայմանավորված է կառուցապատման չափից դուրս խտությամբ, ճարտարապետանախագծային որոշումների անկատարությամբ և համապատասխան նորմատիվ պահանջների անտեսմամբ,
բնակելի միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանների վատթարացումը, որը պայմանավորված է ոչ մեծ թաղամասերում բնակչության խտության մեծացմամբ, կանաչ տարածքների կրճատմամբ, բարեկարգմամբ և այլ խնդիրներով,
գեղարվեստական չափորոշիչների բացակայությունը ճարտարապետական ձևավորման գործընթացում' պայմանավորված քաղաքաշինական տարածքի յուրաքանչյուր տարրի ինքնաբուխ ձևավորման սկզբունքով, որտեղ կառուցապատման ճարտարապետական տեսքը բնութագրվում է ճաշակի և ոճի մոդելների չափազանց լայն տարբերությամբ:
Ժամանակակից շրջանում Երևանի ճարտարապետական զարգացման գլխավոր խնդիրները հետևյալներն են.

քաղաքաշինության հիմնական հայեցակարգի մշակում,
մանրակրկիտ պլանավորման նախագծերի մշակում,
կառուցապատման ճարտարապետանախագծային և ծավալատարածքային լուծումների մշակում,
քաղաքաշինական մոտեցման առաջնահերթության վերականգնում,
հնի և նորի համադրության խնդիրների վերհանում,
անսամբլային ճարտարապետության սկզբունքների վերածնունդ,
գեղարվեստական չափանիշների ճշգրտում,
Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի ընդունում:
Երևանում առկա են հազարավոր բարձրահարկ շենքեր, որոնք չեն համապատասխանում Հայաստանում գործող սեյսմիկ անվտանգության պահանջներին: Բացի այդ' կան նաև տարբեր աստիճանի մի քանի տասնյակ վթարային շենքեր:

Երևանի շենքերի սեյսմիկ անվտանգության խնդիրներն են.

անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքերի ամրացում և անվտանգության նորմերին համապատասխանեցում,
վթարային շենքերի քանդում և նորերի կառուցում:
ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Երևան քաղաքում առկա են 1080 փողոցներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 750 կմ: Փողոցների և հրապարակների ընդհանուր մակերեսը կազմում է 15900 քառակուսի մետր: Տարիներ շարունակ չարաշահումների հետևանքով փողոցների վերանորոգման գումարների յուրացման պատճառով' Երևան քաղաքի ճանապարհները, ըստ էության, շարունակական վերանորոգման կարիք ունեն:

Երևան քաղաքի փողոցների վերանորոգման խնդիրներն են.

Երևան քաղաքի փողոցների որակյալ բարեկարգում և հիմնանորոգում,
հողային ծածկույթով (գրունտային) ճանապարհների ասֆալտապատում,
բակային տարածքների վերակառուցում և վերանորոգում,
մայթերի վերանորոգում,
հենապատերի վերականգնում,
հեծանիվային ուղիների կառուցում,
վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցում ու վերանորոգում:

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Երևանում շահագործվող արտաքին լուսավորության ցանցը խիստ կարիք ունի բարելավման:

Երևանի լուսավորության հիմնական խնդիրներն են.

չլուսավորվող փողոցների, նրբանցքների, բակերի և խաղահրապարակների լուսավորում,
ցանցի ավտոմատացման, նոր տրանսպորտա-տեխնիկական սարքավորումների, գործիքների և այլ տեխնիկական միջոցների ներդրում,
լուսային ժամանակակից և խնայողական տարրերի կիրառում,
քաղաքային կանաչ լուսավորության ծրագրի ներդնում:

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Երևանում առկա են 4878 բազմաբնակարան շենքեր, որոնց կառավարումն իրականացվում է երեք եղանակով' համատիրության, լիազորագրային կառավարիչների և վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Բազմաբնակարան շենքի շահագործման և պահպանման հիմնական խնդիրներն են.

բազմաբնակարան շենքի ընղհանուր բաժնային սեփականության պահպանման' պարտադիր նորմերի վերահսկման մեխանիզմների պատշաճ իրականացում,
ֆինանսական միջոցների գանձման և ծախսման, ընդհանուր ժողովի հրավիրման, բյուջեների կազմման և հաստատման, կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման խոչընդոտների վերացում,
օրենսդրական փոփոխության միջոցով «Համատիրությունների մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքներում սահմանված վերահսկողության մեխանիզմների անհստակությունների և տարընթերցումների վերացում,
վերելակային տնտեսության կապիտալ վերանորոգման, շուրջօրյա համապատասխան ծառայության ստեղծման անհրաժեշտություն,
թեք տանիքների վերանորոգման անհրաժեշտություն:

ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

Երևանի թամանյանական առաջին գլխավոր հատակագիծն արված էր 100000 բնակչության հաշվարկով: Փողոցները նախագծված էին հիմնականում վերգետնյա տրանսպորտի (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս) նորմալ աշխատանքի համար:

Անհրաժեշտ է հասարակական տրանսպորտի տեղաշարժի վերակազմակերպում' ճանապարհային կառուցվածքներ, երթուղիների տրամադրում, արտոնյալ կանաչ լույսի տրամադրում, քանի որ հասարակական տրանսպորտը պետք է հնարավորություն ունենա անխափան շարժվելու: Պետք է վերադառնալ վերգետնյա հանրային տրանսպորտի, և առաջին հերթին' մագիստրալ երթուղիների կենտրոնացված կառավարման համակարգին: Հարկավոր է ձևավորել նաև «հովհարային» կառուցվածք, որպեսզի համակարգվեն զանգվածային ուղևորափոխադրման միջոցները: Քաղաքում անհրաժեշտ է նշանակալի հետիոտնային տեղաշարժով փողոցների հետիոտնային տարածքների վերաձևավորում: Կարևոր է ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումը, որպեսզի այն չխանգարի քաղաքի բնականոն կյանքին: Մայրաքաղաքում պետք է ավելացնել կանգառների թիվը, բարելավել դրանց վիճակը և զերծ պահել ոչ իր նշանակության փոխադրամիջոցների կայանումից, որոնք հաճախ խցանման պատճառ են դառնում: Անհրաժեշտ է կարմիր գծանշումների, ավտոկայանատեղիների և ճանապարհատրանսպորտային խախտումների վերահսկողության համալիր լուծումներ: Խախտումների վերաբերյալ ոչ իրավաչափ պատժամիջոցները հարկավոր է վերանայել:

Երևանն ունի հսկայական պատմական ու սոցիալական արժեք, և այդ արժեքը չի կարելի զոհաբերել քաղաքային տարածքներում ավտոմեքենաների անսահմանափակ հասանելիությանը:

Մետրոպոլիտենի շինարարություն

Երևանի զարգացման գլխավոր պլանով' մայրաքաղաքում պետք է լիներ մետրոպոլիտենի 32 կայարան և 3 գիծ: Առաջին գիծը պետք է բաժանվեր 3 կանգառների' Աջափնյակ, Նազարբեկյան և Դավիթաշեն, երկրորդ գիծը ներառում էր 12 կայարան' սկսած Հյուսիսային ավտոկայանից' Քանաքեռով, Երազ գործարանով, այնուհետև' Կոմիտաս, Արաբկիր, Բարեկամություն 2, Մաշտոցի պողոտա, այդտեղից անցում դեպի երրորդ գիծ' Հանրապետության հրապարակ 2, Խանջյան փողոց և երեք կայարան Էրեբունիում: Երրորդ գիծը պետք է ներառեր 7 կայարան' Ավանից մինչև Գայի պողոտա, այնտեղից դեպի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ' դեպի Երիտասարդական 2, Մաշտոցի պողոտա 2, Կիլիկա, Մալաթիա:

Սակայն 1996 թվականից առ այսօր չի բացվել և ոչ մի նոր կայարան: Ներկայիս մետրոպոլիտենի խնդիրը կայացել է գոյություն ունեցող ցանցի պահպանությամբ: Առավել իրատեսական պլաններից է Երիտասարդական կայարանի 2-րդ մուտքի կառուցումը, որը ներառված էր նախագծում և իրականացվել է 60 տոկոսով: Երևանի զարգացման և տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումն առաջնահերթություն է:

Տրամվայ

Անցյալ դարի կեսերին ողջ աշխարհում տրամվայն սկսեց անհետանալ, քանի որ խանգարում էր ավտոմեքենաներին: Թվում էր' եթե վերացվեն գծերը և լայնացվեն ճանապարհները, ապա խցանումները կպակասեն: 50 տարի անց մի շարք քաղաքներ հասկացան սխալը, և տրամվայն սկսեց վերադառնալ եվրոպական քաղաքների փողոցներ: Տրամվայի շահագործումը Երևանում կրկին դարձել է արդիական:

Տրոլեյբուսներ, ավտոբուսներ, երթուղային տաքսիներ

Երևանի հանրային տրանսպորտը շուրջ 95 տոկոսով ներկայացված է միկրոավտոբուսներով, որոնց մեծ մասը գործարկվում է արդեն 15 տարուց ավելի: Հանրային տրանսպորտում գործում է վճարման այնպիսի համակարգ, երբ վճարը վարորդն ինքն է ստանում առանց տոմսի, երբ ուղևորների' նախատեսվածից ավելի շատ փոխադրվում է կատարվում, և գործում է վարորդների 12-16-ժամյա աշխատանքային օր' 6-7-օրյա աշխատանքային գրաֆիկով:

Պետության կողմից համապատասխան ուշադրության բացակայությունը և ստվերային տնտեսության առկայությունն ու պետական դոտացիաների բացակայությունն արգելակում են հանրային տրանսպորտի զարգացումը: Առաջնահերթ խնդիր է վերոնշյալ երևույթներից ձերբազատվելը:

Հեծանիվներ

Ցանկացած ոք, ով երթևեկում է քաղաքում հեծանիվով, գիտե, որ օրենքով այդ անել հնարավոր չէ: Դա պայմանավորված է նախ նրանով, որ երթևեկելի տարածքներն զբաղեցված են մեքենաներով, որոնք այդտեղ ժամերով կանգնում են, ապա նաև նրանով, որ վարորդները մեքենաները վարում են շատ մեծ արագությամբ, իսկ հեծանվորդն այդ հոսքի մեջ ուղղակի վտանգում է իր կյանքը: Մայթերով երթևեկել չի թույլատրվում:

Հեծանիվը կարող է դառնալ հանրային տրանսպորտի և անձնական ավտոմեքենայի այլընտրանք, բայց առանց նորմալ ենթակառուցվածքների դա հնարավոր չէ:

Սակավաշարժ բնակչությանն անհրաժեշտ ենթակառուցվածքներ

Ե՛վ հասարակական տրանսպորտը, ե՛ւ շենքերի մեծամասնությունը, նույնիսկ' փողոցները, բոլորովին հարմարեցված չեն որոշակի ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց համար: Այսօր հաշմանդամություն ունեցողները փակված են իրենց տներում, քանի որ հնարավորություն չունեն տրանսպորտով երթևեկելու, իսկ ովքեր էլ հնարավորություն ունեն' օգտվում են միայն տաքսիներից:

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում աղբահանության ոլորտի կարգավորման հարցում բացակայում է համակարգային մոտեցումը: Աղբը շարունակվում է կուտակվել տարբեր' ե՛ւ նախատեսված, ե՛ւ չնախատեսված վայրերում: Աղբավայրերի աղբի վերամշակման և տեսակավորման քաղաքականության ներդրման պահանջն առաջնային խնդիր է: Աղբը Երևանում ու այլ վայրերում այրվում է, և մթնոլորտ են նետվում մահացու չափաբաժնով թունավոր նյութեր: Հայաստանում աղբակույտերի և աղբի վերամշակումն էկոլոգիապես անվտանգ միջոցներով առաջնային խնդիր է:

Երևանի քաղաքապետարանը, Նուբարաշենի աղբավայրի վերամշակման ծրագրի շրջանակներում ճապոնական կոնսորցիումին հատկացնելով ընդամենը 7 հեկտար ընդհանուր 35 հեկտար կազմող աղբավայրի տարածքից, հրաժարվել է էլեկտրաէներգիայի արտադրությունից և համաձայնվել է միայն այրել հավաքած կենսագազը: Ճապոնական կոնսորցիումի երկու ընկերության' «Միցուի»-ն և «Խոկկայդոէլեկտրիկ»-ին, այրվող աղբից էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնելու հնարավորության մերժումը Երևանի քաղաքապետարանի կողմից հանգեցրեց նրանց կողմից ծրագրից հրաժարման: Իսկ «Շիմիզու» ընկերությանը հաջողվեց համոզել մնալ և շարունակել նախագիծը նման ոչ ամբողջական տարբերակով: Սույն ծրագրի շրջանակներում ճապոնական կողմը կորցրեց մեծ քանակությամբ արտանետումների նվազեցման միավորներ ձեռք բերելու հնարավորությունը, և հայկական կողմի հետ զրկվեց էլեկտրաէներգիայի վաճառքի եկամտից, որը կկազմեր տարեկան 300000 դոլար' յուրաքանչյուր կողմի համար:

Երևանը նաև չստացավ աշխատատեղեր, նորարարական տեխնոլոգիա, որը կարելի էր օգտագործել' Գյումրու և Վանաձորի աղբավայրերում իրականացնելով նման էկոլոգիական ծրագրեր:

Աղբի և թափոնների կուտակման քաղաքականության կառավարումը պետք է ներառի հետևյալ հիմնական բաղադրիչները.

թափոնների գոյացման կանխում,
թափոնների օգտագործումը երկրորդ անգամ,
եթե թափոնների օգտագործումը հնարավոր չէ երկրորդ անգամ, ապա անհրաժեշտ է կիրառել ռեցիկլինգ (թափոնից այլ ապրանքի արտադրություն),
թափոնները պետք է օգտագործվեն էներգիայի արտադրության համար,
վերը նշված գործողությունների անհնարինության պարագայում' թափոնները կարող են կոնսերվացվել հատուկ աղբավայր-գերեզմանոցում:
Եվրոպական Միության կողմից այս մեթոդի կիրառումն արագորեն լուծել է թափոնների կառավարման համակարգի վերակառուցման հարցը: Այս հարցում Եվրոպական Միության երկրներից առաջատար Շվեդիան է, որի 98,6% թափոնները վերամշակվում են և վերածվում էլեկտրաէներգիայի: Այդ պետությունը ներկայումս ունի 31 ձեռնարկություն, որոնք թափոնների վերամշակման միջոցով ստանում են էլեկտրաէներգիա, և 57 ձեռնարկություն, որոնք իրականացնում են ռեցիկլինգ (թափոնից այլ ապրանքի արտադրություն): Թափոնների համալիր կառավարման շնորհիվ նրանք գրեթե վերացրել են թափոնների պոլիգոնները և աղբավայրերը:

Երևանի զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև այլընտրանքային էներգիայի ներդնումը և զարգացումը: Այս ուղղությամբ ներդրումային քաղաքականություն վարելն առաջնահերթություն է: Երևանն արևային էներգիայի օգտագործման համար ունի նպաստավոր պայմաններ:

Երևանի շենքերի հիմնական մասը կարող է օգտագործել արևային էներգիան: Շենքերում հնարավոր է տեղադրել արևային վահանակներ և արևային կոլեկտորներ' ջրի ջեռուցման համար:

Երևանում աղբի ու թափոնների վերամշակման և այլընտրանքային էներգիայի ներդրման հիմնական խնդիրներն են.

Երևանում գոյացած կենցաղային աղբը տեղափոխող կազմակերպությունների պարտականությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունը և խախտումների առկայության դեպքում անպատժելիությունը,
իրականացնել ամբողջական ծրագիր աղբավայրի և թափոնների վերամշակման վերաբերյալ, որը կներառի' աղբի և թափոնների վերամշակում, էլեկտրաէներգիայի արտադրություն և էկոլոգիայի բարելավում,
խրախուսել ներդրումների իրականացումն այլընտրանքային' արևային էներգիայի համակարգի շահագործման համար:

ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Թամանյանի գլխավոր պլանի հիմքում ընկած էր քաղաք-այգու ստեղծման գաղափարը: Հայաստանում ապրիլից մինչև նոյեմբեր եղանակը շատ լավն է, բայց այգիների սակավ քանակությունն ստիպում է մարդկանց ազատ ժամանակն անցկացնել առևտրի կենտրոններում: Եղած այգիները շատ անմխիթար վիճակում են, խնամված չեն և վայրենացել են: Քաղաքի բարեկարգման և այգիների շինարարության վերաբերյալ լուծումները նախատեսում են ե՛ւ թամանյանական նախագիծը, ե՛ւ արդի համաշխարհային փորձը:

Այսօր Երևանում մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքը կազմում է 5 քառակուսի մետրից էլ պակաս, մինչդեռ, ըստ գիտնականների, այդ ցուցանիշը պետք է կազմի 25 քառակուսի մետրից ոչ պակաս: Նորք Մարաշի անտառի, Կասկադի երկկողմյա անտառի, Հաղթանակ զբոսայգու լանջի անտառածածկ հատվածի, Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Փարոսի» հարևանությամբ գտնվող անտառի, Հրազդանի կիրճի, Օպերայի և Օղակաձև այգու, Դալմայի այգիների տարածքները նախագծվել և հանդիսացել են որպես Երևան քաղաքի «շնչուղիներ և թոքեր»:

Այսօր վերոնշյալ տարածքներն իրենց նպատակային նշանակությամբ այլևս գոյություն չունեն: Այն, ինչ մնացել է այդ տարածքներից, պետք է պահպանել և նրանցում սկսել նոր անտառատնկում, իսկ արդեն կառուցապատված տարածքների համար, որոնք հնարավոր չէ քանդել, նախագծել նոր կանաչապատում' անտառատնկումով վերականգնելով պահանջվող բնապահպանական նորմերը:

Երևանի բարեկարգման և կանաչապատման հիմնական խնդիրներն են.

հնարավորինս վերականգնել Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչ տարածքները,
նախկին կանաչապատ տարածքների վերականգնման անհնարինության դեպքում կազմել ծրագիր' համալրելու կանաչ տարածքները, որպեսզի դրանք ներառեն մեկ մարդու հաշվարկով 25 քառակուսի մետրից ոչ պակաս:

ԱՆՕԹԵՎԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Անտուն կենդանիների մեծ քանակությունը շատ լուրջ խնդիր է: Անհրաժեշտ է ստեղծել քաղաքակիրթ օթևաններ' մասնագետ աշխատակիցներով, և անտուն շներին ու կատուներին աստիճանաբար տեղավորել հատուկ նախատեսված կացարանում և գտնել նրանց համար բարեխիղճ տերեր: Անհրաժեշտություն է Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու կանոնների ապահովումը: Ընտանի կենդանիներ պահելու' կենսաբանական ու անհատական առանձնահատկություններին համապատասխան սննդի, ջրի, քնի, շարժման, բնական ակտիվության նկատմամբ նրանց պահանջների բավարարումը պետք է իրականացնել համապատասխան իրավական կարգավորման ներքո: Անհրաժեշտ է ստեղծել կենդանիների զբոսանքի վայր' հաշվի առնելով հաջողված փորձերը:

Անօթևան և ընտանի կենդանիների հիմնական խնդիրներն են.

անօթևան կենդանիների վնասազերծման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը,
անօթևան կենդանիների վնասազերծման ոլորտի արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև' համապատասխան օրենսդրական դաշտի բարելավումը,
կենդանուն պահելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը,
կենդանու կողմից ընդհանուր օգտագործման տարածքների, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, բակերի, մայթերի, փողոցների, սիզամարգերի, ինչպես նաև' հանգստյան կանաչ գոտիների աղտոտումը,
կենդանու տարեկան պատվաստումը կատաղության դեմ:

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ

Երևան քաղաքում գործում են առևտրի 8532 օբյեկտներ, հանրային սննդի' 1472, և կենցաղային ծառայություններ մատուցող 2842 օբյեկտներ:
Առևտրի շրջանառության 52.3%-ն իրականացվում է խոշոր, մնացած 47.7%-ը՝ փոքր ու միջին բիզնեսի կողմից: Առևտրի և ծառայությունների ոլորտը կարիք ունի օրենսդրական փոփոխության: Փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը տնտեսության մեջ, և մասնավորապես' առևտրի և ծառայությունների ոլորտում, հրատապ անհրաժեշտություն է: Այսօր Հայաստանի տնտեսության միայն 27%-ն է գտնվում փոքր ու միջին բիզնեսի ձեռքում։ Եվրոպական Միության երկրներում այս թիվը կազմում է 70%։ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսում զբաղված է աշխատողների 24.7%-ը, իսկ Եվրոպական Միության երկրներում' 74%-ը։

Առևտրի և սպասարկման հիմնական խնդիրներն են.

առևտրի և ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների շրջանակներում համակարգված և արդյունավետ հսկողության իրականացում,
հասարակական զուգարանների բացակայություն,
առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում,
սուպերմարկետների գործունեության կանոնակարգում,
սահմանել սուպերմարկետների ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ,
սահմանել սուպերմարկետների' որոշակի վայրերում տեղադրման լրացուցիչ պահանջներ,
սահմանել սուպերմարկետների համար նորմատիվների առաջադրում (ապրանքների ու ծառայությունների տեսականու քանակի հաստատման, աշխատանքի ժամերի սահմանափակման, ավտոմեքենաների կայանման հրապարակների մակերեսի և այլնի վերաբերյալ):

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջությունը տնտեսության այն բարձր եկամտաբեր և առավել դինամիկ զարգացող ճյուղերից է, որն իր կարևորությամբ ներառված է այնպիսի գլոբալ համակարգերում, ինչպիսիք են կայուն զարգացումը (աղքատության հաղթահարում, շրջակա միջավայրի պահպանություն և այլն) և մշակութային արժեքների փոխադարձ արժևորման համակարգերը, որոնք Հայաստանի պարագայում նույնպես արդիական և էական նշանակություն ունեն:

Զբոսաշրջության համար անհրաժեշտ մարդկային, մշակութային և բնական ռեսուրսների առկայության պայմաններում Երևանը դեռ չի դարձել զբոսաշրջության կենտրոն:

Երևանի զարգացման համար էական դերակատարում ունի զբոսաշրջությունը: Զբոսաշրջության ոլորտն իր յուրահատկությամբ ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված ազդեցություն ունի տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Զբոսաշրջային արդյունաբերությունն ամբողջությամբ ընդգրկված է փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում և ներառում է (աշխատողների առումով) մարդկային ռեսուրսի սոցիալապես խոցելի խավեր, ինչպիսիք են երիտասարդներն ու կանայք: Հետևաբար, կարելի է փաստել, որ զբոսաշրջության զարգացման խելամիտ և արդյունավետ պլանավորումն ու կառավարումը զգալի դեր ու նշանակություն կունենան քաղաքի կայուն տնտեսական զարգացման ապահովման և այնպիսի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը, բնակչության եկամուտների ավելացումը, աշխատատեղերի ու եկամուտների արդար վերաբաշխումը, համայնքների համաչափ զարգացումը, աղքատության հաղթահարումը և այլն:

Օդային տրանսպորտի ենթակառուցվածքի առկայության պարագայում զբոսաշրջության տեսանկյունից Երևանը դեռ գրավիչ չէ, քանի որ ավիաթռիչքների սակագները բավականին թանկ են' գնային տեսանկյունից այն մրցունակ չէ, որն էլ, իր հերթին, լուրջ խոչընդոտ է զբոսաշրջության զարգացման համար: Առաջնային խնդիրը զբոսաշրջության ոլորտում' ավիափոխադրումների շուկայում առկա անբարենպաստ վիճակի վերացումն է:

Երևանը կարող է զբոսաշրջության հետևյալ բոլոր ձևերն իրականացնել.

ռեկրեացիոն զբոսաշրջություն,
առողջարանային զբոսաշրջություն,
ճանաչողական զբոսաշրջություն,
գործարար զբոսաշրջություն,
էթնիկ զբոսաշրջություն,
կրոնական զբոսաշրջություն,
տարանցիկ զբոսաշրջություն,
ուսումնական կամ կրթական զբոսաշրջություն,
էկոլոգիական զբոսաշրջություն:

ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակույթը ցանկացած ազգի ինքնության կարևոր հենասյունն է: Երևանն ունի հնարավորություն' ներկայանալու աշխարհին իր մշակույթով և ինքնատիպ այցեքարտով: Երևանը կարող է իրականացնել այնպիսի մշակութային քաղաքականություն, որը կամուրջ կհանդիսանա աշխարհում բնակվող բոլոր հայերի և օտարների համար: Նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած առաջնահերթություն պետք է համարել քաղաքացու մշակութային դաստիարակությունը՝ պահանջարկ ձևավորելով բարձր մշակույթի հանդեպ:

Երևանի մշակութային քաղաքականության խնդիրներն են.

մշակույթի, արվեստի բնագավառում խթանել ազատ մրցակցությունը, բացառել հովանավորչական կամ խտրական քաղաքականությունը, ներառյալ' անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի կազմակերպման, ճանաչելիության ու ներկայացվածության համար,
ուշադրության կենտրոնում պահել թանգարանները, գրադարանները, մշակույթի ու արվեստի օջախները,
պայմաններ ստեղծել երաժշտական և թատերական արվեստի զարգացման համար,
նպաստել աշխարհում հայկական մշակույթի և արվեստի գովազդմանը,
աջակցել հայկական Սփյուռքում մշակութային կյանքին ու Հայաստան-Սփյուռք սերտ և անխափան կապին,
նպաստել համահայկական մշակութային տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը' հայկական նյութական և ոչ նյութական մշակույթի ներառմամբ (լեզու, կրոն, բանահյուսություն, գրականություն, ճարտարապետություն, նկարչություն, երաժշտություն, պատմագրություն և այլն),
նպաստել բովանդակ հայության ներուժի մեկտեղմամբ հայկական մշակութային ողջ ժառանգության գույքագրմանը' որպես ինքնաճանաչման և ինքնագնահատման գործընթացի վերանորոգում,
աջակցել հայկական մշակույթի լուսաբանմանն ու քարոզչությանը,
աջակցել հանրակրթական և համալսարանական հաստատություններում կրթական ծրագրերի միջոցով հայագիտության և հայրենաճանաչողության խթանմանը,
աջակցել համաշխարհային մշակույթի լուսաբանմանը և քարոզչությանը:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանցիների սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն է սոցիալական ռիսկերի կառավարումը, նվազեցումը և կանխարգելումը:

Սոցիալական քաղաքականությունը պետք է ներառի հստակ սահմանված սոցիալական պաշտպանության համակարգ, որի հիման վրա բնակչության խոցելի խմբերին հնարավորություն կընձեռվի օգտվել հատուկ ծրագրերից:

Հանրային միջոցների հաշվին սոցիալապես անապահով, անօթևան խավերին անհրաժեշտ է տրամադրել ժամանակավոր բնակելի կացարաններ: Ֆինանսական, բնակարանային և այլ միջոցներով պետք է աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող, Երևանի ենթակայությամբ գործող 32 առողջապահական կազմակերպություն է առկա:

Առողջապահական համակարգը ենթադրում է շենք և շինություն, կադրեր, սարքավորումներ, ենթակառուցվածքներ, որոնք բոլորն էլ անմխիթար վիճակում են, ինչի հիմնավորումը ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառաբանությամբ պայմանավորելը ճիշտ չէ: Պատճառն այդ ֆինանսական միջոցների սխալ և ոչ նպատակային օգտագործումն է:

Առողջապահության ներկա համակարգը կարելի է բնութագրել մի քանի բառով' «Քաղաքականացված բիզնեսի մեջ թաղված դեղագործական բիզնեսի կցորդ»: Նման համակարգը ոչ թե կանխում և բուժում է հիվանդությունները, այլ ընդհակառակն' ավելացնում է հիվանդների քանակը, քանի որ բիզնեսի ծաղկման համար հումք է պետք: Առողջապահական համակարգի խնդիրը հիմնականում պետք է ուղղված լինի առողջության պահպանմանը և հիվանդությունների կանխարգելմանը:

Երևանի առողջապահական խնդիրները ներառում են.

առողջապահության ծառայության որակի բարձրացում,
առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովում,
առողջապահական հիմնարկների հիմնանորոգում, գույքի և բժշկական պարագաների արդիականացում,
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական բոլոր հիմնարկների համակարգչայնացում և ինտերնետ խորհրդատվության ցանցի ստեղծում,
օգտագործվելիք դեղորայքի ցանկի հստակեցում' շեշտը դնելով հայրենական արտադրության դեղորայքի վրա,
ստեղծել կայք, որտեղ ցանկացած բժիշկ կարող է հանդես գալ առաջարկություններով և դիտողություններով,
բժշկական պարզեցված ուղեցույցների ստեղծում, որը ներկայումս նախարարության կողմից վերածվել է փողերի լվացման բիզնեսի և արվում է ապահովագրական համակարգի իբրև թե ամրապնդման համար' ուղեցույցների կազմման տեսքով:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր երկրի զարգացման և անվտանգության երաշխիքը կրթությունն է: Կրթության ոլորտը մշտապես պետք է գտնվի պետության առաջնահերթությունների հիմքում:

Մայրաքաղաքի բյուջեից, առաջին հերթին, անհրաժեշտ է գումարներ հատկացնել Երևանի դպրոցների հիմնավոր վերանորոգման, դասասենյակների ու մարզադահլիճների պատշաճ կահավորման և բոլոր դպրոցները համակարգիչներով ապահովելու համար:

Դպրոցի տնօրենը պետք է լինի անկախ և անկաշկանդ, մարզային ու քաղաքային իշխանությունները չպետք է խոչընդոտեն կամ սահմանափակեն տնօրենին և ուսուցչական անձնակազմին' իրենց վերապահված լիազորություններն ըստ իրենց հայեցողության կատարելիս:

Ուսուցչի մանկավարժական գործունեությունը և նրա սոցիալական ապահովվածությունը կարևորագույն նշանակություն ունեն մատաղ սերնդի' ապագա քաղաքացիների դաստիարակության ու ձևավորման գործում: Հետևաբար' անհրաժեշտ է ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության 18-ժամյա չափանիշը, որով կբարձրանա ուսուցչի աշխատավարձը և նրան հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ:

Կրթության ասպարեզում առաջնային խնդիրներն են.

դասավանդման մեթոդները և ուսումնական ծրագրերը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ աշակերտը դպրոցում ստացած գիտելիքները կարողանա ճիշտ օգտագործել և տնային աշխատանքները կատարելիս կրկնուսույցի կարիք չունենա,
դպրոցականների գեղագիտական և բարոյական դաստիարակմանը նպաստելու համար ապահովել աշակերտների' ամսական երկու անգամ թատրոն կամ կինո այցելությունների կազմակերպումը,
քաղաքային գրադարաններում ամիսը մի քանի անգամ աշակերտների համար կազմակերպել ընթերցումներ և քննարկումներ,
հայագիտությանը և հայրենաճանաչողությանը նպաստելու համար տարեկան մի քանի անգամ կազմակերպել դպրոցականների այցելություններ տեսարժան ու պատմական վայրեր,
տարրական դպրոցների' սոցիալապես անապահով բոլոր երեխաներին հանրային միջոցների հաշվին հատկացնել գրենական անհրաժեշտ պիտույքներ,
դպրոցներում ամբողջապես վերացնել դպրոցական ֆոնդ հասկացության ներքո գումարների հավաքագրումը,
բյուջեի միջոցներով վերանորոգել մայրաքաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունները (մանկապարտեզները) և կառուցել նորերը, Դաստիարակների ու դայակների համար ստեղծել նոր աշխատատեղեր, ինչի շնորհիվ մանկապարտեզներում նաև կվերացվեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող հերթագրումները:
Մանկապարտեզները պետք է ապահովված լինեն առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետներով: Այս երեխաներն իրենց պետք է լիարժեք զգան մանկապարտեզում, ինչը կարևոր է հետագայում նրանց' դպրոցում ևս լիարժեք ու անկաշկանդ կրթություն ստանալու համար:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Երևանի ավագանու աշխատանքում անհրաժեշտ և կարևոր պայմաններից է քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչների հետ' ըստ ոլորտների հանրային քննարկման և խորհրդակցության աշխատանքների իրականացումը:

Երևանում առկա հանրային խնդիրների վերաբերյալ մոնիտորինգի իրականացման, հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, բնապահպանական, հանրային շահի և այլ հարցերի պաշտպանության իրականացման վերաբերյալ հանրային քննարկումների անցկացումը հանդիսանում է Երևանի զարգացման քաղաքականություն իրականացնելու արդյունավետ միջոց:

ԿՈՌՈՒՊՑԻԱ, ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՅՈՒՋԵ

Համաձայն «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բնորոշման' կոռուպցիան Հայաստանում համարվում է «էնդեմիկ և համատարած երևույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»: Հայաստանում առկա կոռուպցիաի մակարդակի վերաբերյալ զեկույցներ են հրատարակել նաև այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են' «Կովկասյան բարոմետր»-ը, «Բաց հասարակության ինստիտուտ»-ը, «Policy Forum Armenia»-ն, որոնք գրեթե նույն պատկերն են արձանագրում:

Կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները վտանգում են պետականության հիմքերը և ամբողջությամբ խոչընդոտում են մեր երկրի և հասարակության զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է ներդնել հանրային և համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգեր, այդ թվում' ինքնաբավ համայնքային բյուջեների մեխանիզմ: Ներկայիս համակարգը, երբ ամբողջ հարկերը գնում են պետական բյուջե, իսկ այնտեղից դոտացիաների ու սուբսիդիաների ձևով վերադարձվում համայնքներին, արդյունավետ չէ։

Այսօր համայնքներն իրենց կողմից ծախսվող միջոցների ¾-ը ստանում են ֆինանսների նախարարությունից։ Այս համակարգը հնարավորություն է տալիս կառավարությանը քաղաքական կախվածության մեջ պահել համայնքները, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է համայնքային զարգացմանը և թուլացնում նրանց ինքնակառավարումը։ Միջոցների վերաբաշխումը հօգուտ համայնքների, պահպանելով դրանց փաստացի ծախսման գանձապետական մեխանիզմները, կխթանի համայնքների զարգացումը, այդ թվում նաև'Երևանի:

Անհամաչափ զարգացումը մեր երկրում հանգեցրել է նրան, որ մարզերի մակարդակով հաշվարկած' համախառն մարզային արդյունքը մեկ շնչի հաշվով մինչև 5 անգամ տարբերվում է' Երևանի համեմատությամբ։ Արդյունքում'՝ առկա է ահռելի ներքին միգրացիա. գյուղերը դատարկվում են, ինչին զուգահեռ Երևանի ենթակառուցվածքներն են գերծանրաբեռնվում:

Զգալիորեն պետք է բարձրացնել գույքահարկի դերը' այն տարբերակելով ըստ գույքի չափերի և գոտիականության (տարածքային գործոն)։ Առանձին գույքային համալիրների նկատմամբ (ավելի քան 500-1000 քառ. մետր) գույքահարկի դրույքը կարելի է սահմանել մինչև արժեքի 1%-ը։

Հարկային քաղաքականության և բյուջեի ձևավորման հիմնական խնդիրներն են.

համայնքային ինքնաբավ բյուջեների մեխանիզմների ներդնում,
տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը բարձրացնելու, համայնքների տնտեսական զարգացման հետամնացությունը բացառելու նպատակով շահութահարկի և եկամտահարկի 50%-ը պետք է թողնել համայնքներին,
խոշոր գույքի հարկի բարձրացում,
օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին համայնքային գույքի սեփականաշնորհման, պատվերների ընդունման և գնումների մասնակցության բացառում,
շինարարության ոլորտում կապիտալի սառեցման կանխման օրենսդրական փոփոխություններ,
խստացնել անավարտ շինարարության հարկումը,
կառուցապատողների նկատմամբ առաջ քաշել միջոցների պահուստավորման պահանջ,
կանխել կապիտալի սառեցումը շինարարության ոլորտում:
Հանրային գնումների արդյունավետ համակարգի ներդրումն ունի մեծ ազդեցություն ցանկացած երկրի կայուն ու երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա: Հայաստանում հանրային գնումների ոլորտում շրջանառվող մեծ գումարները պարարտ հող են հանդիսացել զանազան չարաշահումների և կոռուպցիոն դրսևորումների համար: Դրա մասին են վկայում թե՛ հայաստանյան մամուլում վերջին տարիներին տեղ գտած բազմաթիվ հրապարակումները, թե՛ հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցները և թե՛ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի' Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոճանապարհների, փողոցների և մայրուղիների կառուցման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների համապատասխանելիության վերաբերյալ զեկույցը: Հանրային գնումների համակարգը Երևանի քաղաքապետարանում չի կազմակերպվում գնման գործընթացի միասնական կանոններով' մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով:

Երևանի քաղաքապետարանի կողմից հանրային գնումների ոլորտում կարևոր և առաջնային խնդիրներն են.

բացառել Հայաստանի Հանրապետության օրենքների և մասնավորապես «Գնումների մասին» օրենքի խախտումները,
հանրային գնումների շրջանակներում աշխատանքներն իրականացնելիս' բացառել աշխատանքների կատարման վայրերի, ծավալների և տեսակների փոփոխությունները,
պայմանագրերում հստակ նշել կատարման ենթակա աշխատանքների ծավալները,
բացառել առանց ծագման հավաստագիր ունեցող ապրանքների օգտագործումը,
աշխատանքներն ընդունել միայն օրենքով սահմանված' իրավական նորմերով և կանոններով նախատեսված բոլոր ստուգումներն իրականացնելուց հետո։