Ալեք Ենիգոմշյանն այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ նշելով, որ սա իր խոնարհումն է հայորդիների շիրիմներին, սակայն սրտի խորքում պահում է հայոց նահատակների առաջ իր ուխտը: «Այդ ուխտը ցանկացած հայի հոգում է և մենք մշտպես մեզ պետք է հարց տանք՝ արդյո՞ք հայկական պետականությունն ի վիճակի է այն լուծելու: Ցավում եմ, որ հայերի մեծ մասի կողմից մեր պետականության նկատմամբ հավատը շատ փոքր է, ուստի պետք է գիտակցենք մի բան՝ ինչ պետք է անենք այդ հավատի վերականգնման համար, որը կդառնա նաև մեր ուխտի կատարման հիմք»,-նշեց նա:
Ասալայի մարտիկի համոզմամբ՝ այսօրվա իշխանությունները չկարողացան հասնել ուժեղ պետականության ամրապնդման, այդ պատճառով է, որ այսօր Հայաստանը չի կարողանում համաշխարհային հանրությանն իր Ցեղասպանության ճանաչումը պարտադրել:
«Մենք աշխարհին չենք կարողանում ստիպել մեզ հետ հաշվի նստել, քանի որ հասել ենք այնպիսի մի կետի, որ տեղին է հարց տալ՝ արդյո՞ք պետականություն ունենք ընդհանրապես: Հասարակության վստահությունը չկա և, հետևաբար, անզոր ենք աշխարհի հետ խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Սակայն պետք է նշեմ, որ այսօր հայերիս համար առավել կարևոր է Արցախի հարցը, ուստի՝ պետք է մոբիլիզացվենք Արցախ աշխարհի խնդիրը լուծելու համար և եթե կա մեր մեջ այդ ներուժը, ապա այն պետք է դնենք Արցախի հարցի լուծման համար»,-ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Աղավնի Սուքիասյան