Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ, որը նախորդ տարիների համեմատ թերևս ամենաանհասցեն ու ընդհանրականն է: Նրա ուղերձն ընթերցվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում կազմակերպված արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը, որը հրապարակել է նրա ուղերձն արևելահայերենով և արևմտահայերենով:
Ուղերձում Էրդողանը, խուսափելով պատմական փաստերն արձանագրելուց, խոսել է միայն «Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերի մասին»' ցավակցություն հայտնելով նրանց թոռներին: Ուղերձի հետագա շարադրանքում Թուրքիայի նախագահը կարևորել է հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում' նշելով, թե հայերը «ինչպես երեկ, այնպես էլ այսօր երկրի հավասար ու ազատ քաղաքացիներն են, կարևոր դեր են կատարում հասարակական, քաղաքական ու առևտրային կյանքում»:
Ուղերձում Էրդողանը հայտնել է, թե իրենք առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու են աշխատանքները' «ուղղված Օսմանյան հայերի հիշողությանն ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն»:
Անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցին' Թուրքիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ դրանք կարճ ժամանակում ավարտվեն' հաջողություն մաղթելով այդ գործում: «Աստծուց ողորմություն եմ խնդրում միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար, ովքեր կյանքից հեռացել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում»,- ասվում է ուղերձի եզրափակիչ հատվածում: