Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Յոն-Մարչել Չոլակուին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առիթով: Ուղերձում ասված է.
«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ռումինիայի ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա կապակցությամբ։
Գոհունակությամբ արձանագրելով հայ-ռումինական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կնպաստենք հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը և ակտիվ երկխոսության խորացմանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Բարձր եմ գնահատում Ռումինիայի դերակատարությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման և գործունեության ապահովման գործում:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Ռումինիայի տրամադրած հումանիտար աջակցության համար։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։