«Սիրելի՛ երևանցիներ, չորս տարի առաջ մենք մեր թիմով հանդես եկանք ավելի լավ Երևան կառուցելու ծրագրով: Մեր թիմով իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բայց դա չի նշանակում, որ Երևան քաղաքում անելիքներ չկան: Մեր թիմը մշտապես շփվել է մեր բնակիչների հետ, լսել ենք բոլորի խնդիրներն ու նախանշել դրանց լուծումները, հիմա ապագա 5 տարիների զարգացման ծրագիրն ենք Ձեզ ներկայացնում»,- այս մասին ասյօր Աջափնյակ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ, ավագանու ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի թեկնածուն հավաքվածներին վստահեցրեց, որ իր թիմով հետամուտ է լինելու բազմաբնակարան շենքերի, հասարակական տրանսպորտի և այլ խնդիրների լուծմանը, որոնց վերաբերյալ իր թիմը ներկայացրել է բարեփոխումների հստակ ծրագիր:
Քաղաքապետը նշեց նաև, որ ավելի լավ Երևան երևանցիները կարող են ունենալ միայն իր փորձառու թիմի հետ համագործակցելու շնորհիվ՝ պնդելով, որ գլուխները կախ աշխատելու են՝ հանուն ժողովրդի:
Լրագրողների այն դիտարկմանը, թե իր մրցակիցները շարունակում են պնդել, որ Տարոն Մարգարյանը հարստացել է բյուջեի հաշվին՝ քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Ուրիշ բան չունեն ասելու, դա են ասում, այդ հարցին արդեն պատասխանել եմ»:
Հարցին՝ ինչու չի համաձայնում մասնակցել քաղաքական դեբատի, որն ընդունված պրակտիկա է ողջ քաղաքակիրթ աշխարհում, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես բանավեճի մասին ասել եմ, մեր կատարած աշխատանքը մեր ծրագրերով ենք ներկայացնում, բանավիճելով չենք ներկայացնելու: Ինձ թվում է՝ ժողովրդի հետ է պետք աշխատել, մենք այդպես ենք անում, իսկ եթե քարոզարշավին մասնակցող մյուս թիմերը ուզում են բանավիճել, թող բանավիճեն»,-պատասխանեց քաղաքապետի թեկնածուն և արագ հեռացավ:
Աղավնի Սուքիասյան