«Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը այսօր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Դ. Իոաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հայցադիմումով բողոքարկում է ապրիլի 23-ին ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը, ի հեճուկս Իոաննիսյանի պնդման, չէր համարվել Ընտրական օրենսգրքի խախտում:
Նա նաև հավելեց, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ թեկնածու Տարոն Մարգարյանի անունից, ինչը, իր համոզմամբ, Տարոն Մարգարյանի քարոզչություն էր՝ հարկատուների գումարների հաշվին:
Վարչական դատարանից «Բարև Երևան» դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի (Տարոն Մարգարյանի) անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը արգելված է օրենքով:
Իոաննիսյանը նաև YouTube է բեռնել «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից նկարահանված մի տեսանյութ, որում ակցիայի ժամանակ ծաղիկ բաժանողները պնդում են, որ ծաղիկները Տարոն Մարգարյանի անունից են: Ընդդիմադիր ակտիվիստը նաև հավելեց, որ իր հետ արդեն կապվել են Վարչական դատարանից և տեղեկացրել, որ դատական նիստը կկայանա վաղը (շաբաթ օրը)' ժամը 16:00-ին:
Հավելենք նաև, որ Իոաննիսյանը ապրիլի 19-ին նախընտրական քարոզարշավի խախտումների մասին մի դիմում էր ներկայացրել ԿԸՀ-ը, սակայն վերջինս խախտումների մեծ մասի վերաբերյալ որոշել էր, որ Իոաննիսյանի պնդումներն անհիմն են: