Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 102-րդ տարելիցը հարգեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ` վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր ամբողջ թիմով այսօր եկել է հարգելու ցեղասպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը:

 

Հարցին` ի՞նչ պետք է անի հայկական պետությունը այլևս չցեղասպանվելու համար, Մարգարյանը պատասխանեց. «Մենք պետք է ունենանք այնպիսի ուժեղ պետականություն, որ երկրորդ անգամ թույլ չտանք ցեղասպանության կրկնություն»:

 

Մայիսի 14-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում են ներկայիս քաղաքապետը`ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը, Ելք դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը և «Երկիր Ծիրանի»-ից՝ Զարուհի Փոստանջյանը:

 

Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրապարակային հրավիրել էր Տարոն Մարգարյանին իր հետ դեմ առ դեմ բանավեճի, սակայն Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը կտրուկ պատասխան էր տվել, թե Փաշինյանի հետ կարող են բանավեճի ուղարկել միայն ավագանու Հանրապետականի ցուցակի 60-րդ համարին: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չի ցանկանում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճին, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «քաղաքական թեմաներով, եթե ցանկանում եք լսել իմ պատասխանները, ակտիվորեն հետևեք իմ թիմի աշխատանքներին»:

 

Տարոն Մարգարյանը հրաժարվեց պատասխանել քաղաքական այլ հարցերին`խորհուրդ տալով լրագրողներին քաղաքական հարցերն ուղղել այլ վայրում, այլ ժամանակ: