Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ, որի թեմայով համաժողով էր կազմակերպել պաշտպանության նախարարությունը:

«Կառավարության պաշտպանական ծրագրի հիմքում մենք դրել ենք «Ազգ-բանակ» գաղափարը և «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Դա ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, ինչպես նաև անհատները պետք է հստակ պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր երկրի պաշպանության գործում: Այս գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է»,- գրել է Կարեն Կարապետյանը:

Հայ պաշտոնյաներից ամենապասիվը «Ազգ-բանակ» հայեցակարգի քննարկման հարցում հենց վարչապետ Կարապետյանն էր: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ վերջինս այս պահին կենտրոնացած է տնտեսական ոլորտի վրա, ասել է թե՝ «Ազգ-բանակ» ծրագրի համար ֆինանսական հենքն է ապահովում, սակայն երկրի գլխավոր գործող անձանցից մեկի լռությունը բավական հակասական գնահատականների արժանացավ: Շատերն այս լռությունը դիտարկեցին 2018-ի նախաշեմին վարչապետի և պաշտպանության նախարարի միջև ընթացող հեռակա մրցակցության համատեքստում: Ներքաղաքական դաշտում առկա մշուշը և անորոշությունը կարծես թե չի ցրվում, ինչը էլ ավելի է լարում պայքարը, իսկ այն, որ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը վարչապետի գլխավոր թեկնածուներից մեկն է լինելու՝ դա փաստ է: «Ազգ-բանակ» նախագիծը նրան թույլ կտա մի կողմից հանրության հետ աշխատել, մյուս կողմից` ավելի ու ավելի լավ դիրքեր զբաղեցնել իշխանության շարքերում:

Այսօր թիվ մեկ քննարկման թեման, թերևս, վարչապետ Կարեն Կարապետյանի հեռանկարներն են առաջիկա մեկ տարում: Բանն այն է, որ մի բան էր վարչապետի դիրքը կուսակցությունում մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում, երբ նա ստանձնել էր հանրապետական կուսակցության գլխավոր ռեբրենդինգ անողի դերը, մեկ այլ բան է հետընտրական մեկ տարին, երբ դեռևս մեծ անորոշություն կա Սերժ Սարգսյանի գործողությունների հետ կապված։ Յուրաքանչյուր դիրքային փոփոխություն դիտարկվում է 2018-ին հնարավոր վարչապետի անձի համատեքստում։ Կարեն Կարապետյանը ստեղծված իրավիճակում նախընտրեց ոչ թե սրել այս մրցակցությունը և էլ ավելի դժվարացնել ստատուս –քվոյի հարցը 2018-ին ընդառաջ, այլ ընտրեց համագործակցելու ձևաչափը: Այսինքն, Կարապետյանը ոչ թե հակադրվում է Վիգեն Սարգսյանին, կամ նրա ծրագրի հետ մրցակցող նախագիծ առաջ քաշում, այլ միանում է այդ հայեցակարգին, գուցե նպատակ հետապնդելով կապել այն նաև իր անվան հետ:

Եվ իրապես, մեր երկրում ստեղծված ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում վարչապետին անչափ դժվար կլիներ հակադրվել «Ազգ-բանակ» պլատֆորմին: Անշուշտ, նա կարող էր քննադատության ենթարկել ծրագրի առանձին բաղադրիչները, կամ քննարկման առարկա դարձնել իր մոտեցումները նախագծերում տեղ գտած այս կամ այն կետի շուրջ: Սակայն, անգամ նման քննադատությունը կարող էր սխալ ընկալվել հանրության կողմից, իսկ դա Կարապետյանի կաբինետի տնտեսական ցածր արդյունավետության ֆոնին` կարող էր չար կատակ խաղալ վարչապետի վարկանիշի հետ, ինչն էլ իր հերթին 2018-ին ընդառաջ կօգտագործվեր իր դեմ:

Հետևաբար վարչապետը ընտրել է խաղի այն տարբերակը, երբ ստատուս-քվոն պահպանվում է, իսկ իր շանսերը որևէ կերպ չեն նվազում: Չի կարող «Ազգ-բանակ»-ում «չլինել» վարչապետը, հատկապես, երբ գործ ունենք արդեն գրեթե իրականություն դարձած խորհրդարանական կառավարման հետ, որտեղ վարչապետն Առաջին դեմքն է: Այսպիսով, ակնհայտ է, որ վարչապետի և պաշտպանության նախարարի միջև հեռակա մրցակցության առանցքը կազմելու է հենց այս նախագիծը, որը իրավամբ համարվում է համազգային:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ