Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս տարեթիվն ընտրվել է' նշանավորելու 1991թ. մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:

 

Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ' ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաև մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:

 

Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող «Freedom House» միջազգային կազմակերպության 2016թ. զեկույցի համաձայն' աշխարհի 195 երկրից 45 տոկոսում մամուլն ազատ է, 30 տոկոսում'մասամբ ազատ, 25 տոկոսում' ոչ ազատ։

 

Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան:

 

Մասնագետներն արձանագրում են, որ աշխարհում մամուլը ազատ գործելու առումով ամենալուրջ նահանջն է գրանցել վերջին 13 տարում: 2016 թվականին տեղի են ունեցել աղաղակող հարձակումներ լրագրողների և լրատվամիջոցների վրա ոչ միայն ավտորիտար, այլև դեմոկրատական պետություններում: