Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:

 

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին սրտանց շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, տարոն Մարգարյանը նշել է, որ Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարևորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, առավել կարևոր ու պատասխանատու է դառնում զանգվածային լրատվամիջոցների դերը թե' որպես տեղեկատվության աղբյուրի, և թե որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության ազդեցիկ միջոցի:

 

Նա, որպես հասարակական կարծիքի ձևավորման հզոր գործիք, անչափ կարևորել է լրատվամիջոցների դերը նաև հանրային կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր կազմելու և կյանքի կոչելու հարցում:

 

«Հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր պատվով են կրում իրենց պատասխանատու կոչումը և մասնագիտական բարձր որակներով, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ իրենց գործուն մասնակցությունն են բերում մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանը:

 

Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ: Թող ձեր վերլուծական միտքը, սուր ու անաչառ գրիչն այսուհետ ևս ծառայեն ամենակարևոր նպատակին՝ մեր երկրի ու ժողովրդի բարօրության և բարեկեցության ապահովման առաջնահերթությանը»,- նշել է Երևանի քաղաքապետը: