Հայաստանում օր օրի արժևորվում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորության որոշումների կայացման գործընթացին, որում անփոխարինելի է լրագրողի դերը: Այս մասին ասված է մամուլի ազատության օրվա կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հղած ուղերձում:
«Լրագրողի աշխատանքն ինքնանպատակ չէ: Լրագրողն է այն կարևոր գործառույթի կրողը, որի շնորհիվ հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն է ստանում պատկերացումներ կազմել, թե երկրում ինչպես են գործում պետական մարմինները, ինչ գործընթացներ են տեղի ունենում հանրային կյանքում ու դրա հիման վրա ձևավորել սեփական պատկերացումներն այդ հիմնարար հարցերի վերաբերյալ: Սրանում է լրագրողի աշխատանքի ուժը, որի շնորհիվ էլ հենց քաղաքացին հնարավորություն է ստանում վերահսկել հանրային կյանքը»,- ասված է ուղերձում:
Ըստ նրա՝ դեռ առկա են լրագրողի դերի վերաբերյալ ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր, որոնք դժվարացնում են լրագրողի լիարժեք, արդյունավետ աշխատանքը: Ուստի, չափազանց կարևոր է հանրային այն ընկալումների արմատավորումը, որ կանխավարկածը միշտ պետք է լինի օրենքին համապատասխան ու բարեխիղճ գործելու բարձր կոչումը կրող լրագրողի օրինավոր ու ազնիվ աշխատանքի օգտին:
«Այս բոլոր հարցերի լուծումն էլ պահանջում է լրագրողի մասնագիտական բնականոն երաշխավորված աշխատանք, նրա անձնական անվտանգության ապահովում ու տեղեկությունների լիարժեք պաշտպանվածություն: Յուրաքանչյուրս ենք պարտավոր մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի շարունակական բարձրացմանն ու բնականոն աշխատանքի երաշխավորմանը»,-նշել է Արման Թաթոյանը: