Հայաստանում գյուղատնտեսության և, առհասարակ, համայնքների թերզարգացվածության մասին գիտեն բոլորը: Համայանքներում տիրող ոչ բարվոք վիճակի մասին պատկերացում կազմելու համար բավական է ընդամենը մի քանի ժամով այցելել գյուղեր ու զրուցել գյուղացիների հետ, որպեսզի պարզ դառնա, որ ներկա դրությամբ ոչ միայն սին ու անհիմն են հնչում այն բոլոր հավաստիացումները, թե ասենք ընդամենը մի քանի տարվա ընթացքում հնարավոր կլինի գյուղացուն ճահճից դուրս բերել, այլև խիստ կասկածելի են այն բոլոր ծրագրերը, որ հատկապես վերջերս Կառավարությունն առաջ էր քաշել. խոսքը, մասնավորապես, մարզերում ու համայնքներում բիզնես ծրագրերի խթանման մասին է, իբր հայկական գյուղը Կովկասի տարածաշրջանի կապիտալի յուրատեսակ օրրան դարձնելու պլանների, ինչի մասին հատկապես վերջին շրջանում ոմանք շարունակաբար բարձրաձայնում են ու ձեռքի հետ էլ գյուղացուն մեղադրում բիզնես տաղանդ չունենալու մեջ:

Պարզվում է՝ հայ գյուղացիներից շատերն, ելնելով միանգամայն օբյեկտիվ հանգամանքներից, ստիպված իրենց սեփականություն հանդիսացող հողերը հանձնում են համայնքներին՝ հրաժարվելով դրանք մշակել: Մասնավորապես՝ նման խայտառակ իրավիճակ է տիրում Լոռիում. Դարպաս, Գուգարք, Մարգահովիտ, Շահումյան համայնքներում գյուղացիները տոտալ կերպով հրաժարվում են իրենց հողատարածքներից՝ հնարավորութուն չունենալով մշակել դրանք, քանի որ չունեն ո՛չ համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա, ո՛չ գումար, ոչինչ: Պետք է նկատել, որ այս իրավիճակը միայն մի քանի համայնքով չէ, որ սահմանափակվում է, ու մյուս համայնքներում ևս բավական տարածված երևույթ է այն, ինչի մասին խոսվեց վերևում: Հետաքրքիրն այն է, որ համեմատաբար բարվոք սոցիալական վիճակում այսօր գտնվում են այն ընտանիքներն, ովքեր գոնե մեկ արտագնա աշխատանքի մեկնած անդամ ունեն: Կարճ ասած՝ այսօր գյուղերում քիչ թե շատ շնչել կարողանում են նրանք, ովքեր ոչ թե զբաղվում են գյուղատնտեսությամբ, այլ՝ «խոպանչիությամբ», որը, ցավոք, այսօր Հայաստանում դարձել է ազգաբնակչության հիմնական զբաղմունքը:

Հարց է առաջանում՝ ի՞նչ է մտածում Կառավարությունն ու, մասնավորապես, նույն Գյուղատնտեսության նախարարությունը մի պարագայում, երբ մի կողմից շարունակաբար խոսվում է գյուղը ոտքի կանգնեցնելու, համայնքներում բիզնես ծրագրեր իրականացնելու մասին ու հայ գյուղացուց 21-րդ դարի բիզնեսմեն կերտելու ծրագրերից, իսկ մյուս կողմից՝ մարդկանց փաստացի դատապարտում անգործության, աղքատության, չգոյության: Ակնհայտ է, որ նման տեմպերի պարագայում ոչ միայն ադրբեջանական խնձոր, այլ նաև տանձ ու սալոր ենք շուտով ստիպված լինելու համտեսել, էլ չենք խոսում թուրքական պտուղ-բանջարեղենի հաղթարշավի մասին Հայաստանում:

Ո՞րն է ելքը: Ելքը շատ պարզ է. պետք է ոչ թե մարդականց վրա «մուննաթ» գալ կամ մեղադրել ասենք բիզնես ֆանտազիա չունենալու մեջ, այլ ճիշտ դրամավարկային քաղաքականություն պարտադրել բանկերին: Ակնհայտ է, չէ՞, որ եթե գյուղացին հնարավորություն ունենար ասենք վարկով գյուղտեխնիկա ձեռբերելու, հնարավորություն ունենար էժան սերմնացու ձեռքբերելու կամ ոռոգման ջրի խնդիր չունենար, դժվար թե հրաժարվեր ստեղծել-արարելու իր բնատուր շնորհից: Եվ ինչպե՞ս ենք պատրաստվում մի քանի տարիների ընթացքում գյուղատնտեսություն զարգացնել, երբ շարքային գյուղացին կամովին հրաժարվում է սեփական հողից՝ նախընտրելով ինչ-որ վարձու աշխատանք կատարել՝ ասենք թոխրել այս կամ այն մեծահարուստի բաղչեքը, քան սեփական տնամերձը մշակել: Ի՞նչ բիզնես ներդրուների մասին է պետք խոսել, երբ տարրական գերխնդիրն այսօր լուծված չէ…

Ցավոք, պետք է եզրակացնել մեկ բան՝ այն, ինչը դարերով համարվել է պետության հիմնական հարստություններից մեկն, այն, ինչի համար ազգերն ու ժողովուրդները հազարամյակներ շարունակ արյուն են թափել ու պայքարել, այսօր բացարձակապես արժեզրկվել է. հողն այսօր գյուղացու համար ընդամենը հավելյալ ֆինանսական բեռ է դարձել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ