Տեղի է ունեցել «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի հեղինակած`«Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի 10-րդ`«Կոմիտասի սրինգը» ֆիլմի պրեմիերան:
Ինչպես ֆիլմաշարի նախորդ ֆիլմերը, այս մեկը ևս ներկայացնում է ազգային նվագարան, այս անգամ՝ սրինգը: Հայտնի է, որ ազգային նվագարաններից՝ Կոմիտասի սիրելի գործիքը սրինգն է եղել: Հեղինակը, նկատի ունենալով այս փաստը, սրինգ ազգային նվագարանը ներկայացրել է Կոմիտասի միջոցով: Ֆիլմը պատմում է ոչ միայն Կոմիտասի` գործիքի հանդեպ ունեցած սիրո, այլ նաև նրա կյանքի և ստեղծագորածական ուղու մասին: Կատարվել է բավականին մանրակրկիտ ուսումնասիրություն սրինգի ծագման, պատրաստման եղանակների մասին: Ֆիլմում ներառված են նաև գերմանացի աշխարհահռչակ երաժիշտների պատմություններ՝ կապված այս երաժշտական գործիքի հետ:
Ֆիլմը պատմում է` սրինգն այն երաժշտական գործիքն է, որի ձայնն ամենամոտն է մարդու կոկորդի ձայնին: Սրինգը «ներկա է» նաև երաժշտական գործիքների արքայի` երգեհոնի կառուցվածքում. այն կարծես սրինգների մի ողջ համալիր լինի: Ֆիլմում կան հուզիչ տեսարաններ, ինչպիսին՝ օրինակ, պրոֆեսոր Ֆլեշերի պատմությունն է. նա հիվանդության ծանր պահին իր աշակերտ Կոմիտասին խնդրում է սրինգ նվագել, որպես ապաքինման համար լավագույն դեղամիջոց:
«Կոմիտասի սրինգը» ֆիլմը նկարահանվել է Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արվեստի գործիչներ:
Ֆիլմի դիտումից հետո եղավ քննարկում, «Կոմիտասի սրինգը» ֆիլմի մասին իրենց կարծիքը հայտնեցին ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը: