«Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» առաջին փաստավավերագրական ֆիլմն է, որ պատմում է Արցախյան ազատամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված եզդի հերոսների մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվա կինոթատրոնի մեծ դահլիճում: Ֆիլմի հեղինակ Սաիդ Ավդալյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ այն ստեղծելու նպատակը մեկն է եղել՝ մոռացությունից փրկել Արցախյան ազատամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում  զոհված հերոսներին: «Մի փոքր անտեղյակություն կար այս առումով: Մենք ֆիլմի ստեղծումով փորձեցինք ցույց տալ, որ մոռացության չպետք է մատնվեն Արցախյան ազատամարտին մասնակցած հերոսները, և այդ հողերը ապրիլյան պատերազմում իրենց կյանքի գնով պահած ու զոհված մեր 3 հերոսները»,- ասաց ֆիլմի հեղինակը: 

 

Ֆիմի տևողությունը 1 ժամ 15 րոպե է, ռեժիսորը՝ Նաիրի Հոխիկյանն է: Ֆիլմի ստեղծման վրա աշխատել է պրոֆեսիոնալ թիմ: Աշխատանքները տևել են մոտ 1 տարուց ավել: Ֆիլմի հեղինակ Սաիդ Ավդալյանի խոսքով՝ այս ֆիլմը հետագայում ներկայացվելու է անգլերեն, ռուսերեն և ադրբեջաներեն տարբերակով: 

 

Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, եզդիների հոգևոր առաջնորդ՝ շեխ Հասան Հասանյանը և 45 զոհված եզդի հորոսների ծնողները, հարազատները, այդ թվում՝ քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի հերոս-զինվոր Քյարամ Սլոյանի ծնողները: Որդիներին այլևս չտեսնելու ծանր գիտակցումը միախառնվել էր հպարտության զգացումի հետ: Ծնողները հպարտ էին, որ նման որդիներ են ունեցել և նրանց անունները կմնան գալիք սերունդների հիշողության մեջ: 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում: