Սերժ Սարգսյանն իր հրամանագրով նախօրեին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատել է գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին:

 

Ապրիամովը նաեւ արձակվել է զինվորական ծառայությունից: Այսօր արդեն, վարչապետի որոշմամբ նա նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Էնրիկո Ապրիամովը կադրային զինվորական է, ԽՍՀՄ հրամանատարական դպրոցից, հայկական զինված ուժերում է դրանց կազմավորման առաջին օրերից: Տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ազատել Ապրիամովին:


Նախագահի հրամանագիրն այս հարցի վրա որևէ լույս չի սփռում: Տարածված վարկածներից են երկուսը՝ կենսաթոշակային տարիքի հանգամանքը, ինչպես նաեւ առողջական խնդիրը, որ կարող էր առաջացած լինել նախորդ տարի դեկտեմբերի վերջին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Ապրիամովը 63 տարեկան է: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է եւ այն, որ Ապրիամովը տեղափոխվում է ԱԻ նախարարություն: Ուշագրավ այն իմաստով, որ սա բնավ առաջին դեպքը չէ, երբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվում է զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյայով:


Ստեղծվում է տպավորություն, որ ներքաղաքական վերջին զարգացումների լույսի ներքո Սերժ Սարգսյանը ԱԻ ղեկավար կազմում ձեւավորում է պաշտպանական գերատեսչության ռազմա-քաղաքական թիմ: Չմոռանանք, որ ամիսներ առաջ Վիգեն Սարգսյանին նշանակելով պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ աճում է ռազմա-քաղաքական դիվանագիտության նշանակությունը: Այդպիսով, նա պրակտիկորեն բարձրացնում է նաև ԱԻ ռազմա-քաղաքական կշիռը՝ ձեւավորելով նոր բեւեռ, որը կարող է Սարգսյանին պետք գալ թե՛ պետական կառավարման, թե՛ ներիշխանական հարաբերությունների իր ծրագրերի համատեքստում, հաշվի առնելով, որ 2018-ին ընդառաջ՝ ներիշխանական կուլիսային պայքարը նոր և վճռորոշ փուլ է թևակոխում:

 

Ստելլա Խաչատրյան