Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ գերագույն խորհրդի նիստը, որտեղ իր ելույթի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու փաստին: Սերժ Սարգսյանը խոսքով՝ նա չէր ողջունել քաղաքական դաշտ՝ Ծառուկյանի վերադարձը: Կարծես թե ՀՀԿ-ում ստեղծված պատային իրավիճակը ստիպում է քաղաքական ղեկավարությանը՝ անկեղծանալ և իրերն անվանել իրենց անուններով: Ինչ խոսք, նախագահի խոսքերի վրա դժվար է կասկածել: Սակայն այս հակիրճ հայտարարությունից հետո՝ Սերժ Սարգսյանը բավական մեծ պարբերությամբ անդրադարձ կատարեց քաղաքական դաշտում դաշինքների ձևավորման գործընթացին՝ միանշանակ դրական գնահատելով դաշիքներն ու կուսակցությունների խոշորացումը, որը հստակեցնում է ընդհանուր քաղաքական դաշտը: Այս ֆոնին՝ ակնհայտորեն ակնարկվում էր, որ, այնուամենայնիվ, Ծառուկյանի վերադարձով պայմանավորված դաշինքի ձևավորումն ինքնին՝ դրական է:
ՀՀԿ-ի, և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի համար՝ ընտրություններին ընդառաջ Ծառուկյանի նման մրցակցի քաղաքական դաշտ վերադառնալը թերևս ոչ նախանշված էր, ոչ էլ՝ ցանկալի: Իհարկե, կարելի է ենթադրել, որ իշխող կուսակցությունը կարող էր հաշվարկել իրերի նման ընթացքը: Հաշվարկել՝ այո՛, կարող էին, սակայն կանխել՝ անգամ մեծ ցանկության դեպքում՝ ո՛չ: Դրա համար խոչընդոտ են հանդիսանում Գագիկ Ծառուկյանի անձնական բարձր հեղինակությունը, հասարակական լայն զանգվածների կողմից նրա վերադարձի ակնկալիքները, ինչ-որ տեղ նաև՝ հանրային պահանջը, և իհարկե՝ այն փաստը, որ Ծառուկյան քաղաքական գործիչն անկախ է իր գործողությունների և որոշումների կայացման հարցում:
2015-ի փետրվարին Գագիկ Ծառուկյանն ընդունեց քաղաքականությունից հեռանալու որոշումը, ելնելով միայն և միայն հասարակությանը բախման չտանելու և արյունահեղությունը կանխելու մղումներից: Նման դժվար որոշումների ընդունումը բնորոշ է միայն խոշոր քաղաքական ֆիգուրներին, որոնք շատ լավ գիտակցում են քաղաքական պատասխանատվության բեռը: Ծառուկյանը հեռացավ՝ այդ պատասխանատվության զգացումից ելնելով, և վերադարձավ նույն պատճառով, քանի որ հասարակությունը պահանջում էր ստանձնել երկրի ապագայի համար պատասխանատվությունը, պահանջում էր հե՛նց Ծառուկյանից: Իսկ վերջինս իր քաղաքական գործունեության յուրաքանչյուր փուլում ապացուցել է, որ առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերով:
Անշուշտ, իշխող քաղաքական ուժը և նրա ղեկավարը չեն կարող ողջունելի համարել Ծառուկյանի կալիբրի գործչի վերադարձը: Սակայն ստիպված են հաշտվել ներկա իրողության հետ, այն լայն կոնսոլդիացիայի հետ, որն այսօր արդեն իսկ ծավալվում է Ծառուկյանի շուրջ, քանի որ վերջինիս վերադարձը կտրուկ կերպով իրավիճակ է փոխել ողջ քաղաքական դաշտում, և դա քաջ գիտակցում են նաև ՀՀԿ-ում, որտեղ մրցակից են համարում բոլոր քաղաքական ուժերին, միևնույն ժամանակ գիտակցելով՝ ով է լինելու իրենց հիմնական մրցակիցը՝ գալիք խորհրդարանական ընտրություններին….
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ