«Առաջիկայում ԲՀԿ-ն, կարծում եմ, մեզ կմիանան նաև քառյակի այն գործընկերները, ովքեր դեմ են այս փուլում սահմանադրական փոփոխություններ անելուն, հրապարակային հանդիպումներ կունենա ժողովրդի հետ թե' Երևանում, թե' մարզերում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած այն տեսակետին, որ որևէ փաստարկ չի տեսնում, «որ բերում են սահմանադրական բարեփոխումների «հակառակորդները»»:

 

«Բնականաբար, կլսեք նաև հանրության տեսակետը՝ արդյոք այսօր հանրության օրակարգում նման հարց կա, թե ոչ, արդյոք այսօր մարդկությանը հետաքրքրում է սահմանադրական փոփոխությունը, թե, օրինակ, արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը և մեր հիմնավորումները կետ առ կետ կներկայացնենք»,- ասաց Զոհրաբյանը:

 

Վերջինիս խոսքով՝ ԲՀԿ-ն երբևէ դեմ չի եղել որևէ բարեփոխման, փոփոխության: «Սակայն մենք գտնում ենք, որ մեր երկրի թիվ մեկ օրակարգում այդ խնդիրը չկա: Գործող Սահմանադրությունը միանշանակ տալիս է ճիշտ օրենքը կիրառելու դեպքում բոլոր հնարավորությունները՝ կառուցել ժողովրդավարական երկիր, ունենալու իշխանության իրական հակակշիռներ, տալիս է հնարավորություն չունենալու աշխարհում ամենակոռումպացված արդարադատության համակարգերից մեկը, ուստի, այո, մենք գտնում ենք, որ ցանկացած փոփոխություն պետք է արվի ճիշտ ժամանակին և ճիշտ իրադրության մեջ, այլապես ոչ ճիշտ ընտրված ժամանակը, եթե չկա կոնսենսուս քաղաքական ուժերի միջև, կարող է բերել շատ ավելի հակառակ էֆեկտ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: