ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծին կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ: Այս մասին ԱԺ ամբիոնից ԲՀԿ խմբակցության անունից հայտարարել է խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը:
168.am կայքի փոխանցմամբ`նա ասել է, որ իրենք դեռ կհասցնեն առաջարկություններ ներկայացնել, որից հետո վերջնական կորոշեն՝ ինչպես վարվել նախագծի հարցում: Նաիրա Զոհրաբյանը զուգահեռներ է անցկացրել երեկ ընդունված «Գործազրկության նպաստից զրկելու մասին» և այսօր քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծերի միջև՝ ասել. «Արդյոք արդա՞ր է, երբ մենք երեկ այստեղ քննարկում և առաջին ընթերցմամբ ընդունում ենք գործազրկության նպաստից՝ 18.000 դրամից զրկելու նախագիծը և բարձրացնում ենք պաշտոնատար անձանց աշխատավարձը»։
Խոսելով նախագծի ընդունմամբ կոռուպցիայի կանխման մասին` Զոհրաբյանն ասել է. «Քանի՞ անգամ է եղել, որ խորհրդարանը դեմ է քվեարկել կառավարությանը, կամ քանի՞ անգամ է եղել դեպք, երբ ԱԺ հանաձնաժողովները, որոնք ղեկավարվում են քաղաքական մեծամասնության կողմից, դրական եզրակցություն են տվել այն նախագծերին, որոնց վերաբերյալ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն։
Ես իմ պատգամավորական և լրագրողական գործունեության ընթացքում կարող եմ հիշել եզակի բացառություններ, որոնք եղել են զուտ պատահականություններ և հետագայում այդ պատահականությունների պատմական արդարությունը վերականգվել են: Ուստի՝ այսօր Կառավարությունից պահանաջել՝ հարգել Սահմանդրությունը, կարծում եմ, առանձնապես ազնիվ չէ:
Ավելին՝ դեռ պետք է շնորհակալ լինենք կառավարությանը, որ չի դիմում Սահմանադրական հանձնաժողովին և չի ասում՝ եկեք իմ դեֆակտո կարգավիճակը ամրագրեք դե-յուրե»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս ԿԲ-ն նախագահելու տարիներին ԱԺ ամբոնից ի պատասխան պատգամավորների դժգոհությանը, թե՝ ԿԲ-ի հավաքարարն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան պատգամավորը, առաջարկել է դառնալ ԿԲ-ի հավաքարար: