Նման քննարկումներ ձեր նշած կուսակցության հետ չեն եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է տարբեր կուսակցությունների հետ համախմբվելու գործընթացին միանա նաեւ ՀՀԿ–ն։
«Ես չեմ սիրում քաղաքականության մեջ «Կիկոսի մահը»։ Ինչ վերաբերում է այն քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, որոնց հետ մենք արդեն ունենք ընդհանուր համագործակցության եւ համախոհության դաշտ, ամեն ինչ էլ հնարավոր է, բնակականաբար, եթե համագործակցում ենք պետք է լինի նաեւ համագործակցության հուշագիր, որտեղ մենք կնշենք մեր առաջիկա մարտավարական եւ ռազմավարական քայլերը»,– ասաց պատգամավորը։
Հարցին, թե բացառո՞ւմ են մերժված ուժերի հետ համագործակցելը, Զոհրաբյանը պատասխանեց. «Ծառուկյան Գագիկն այդ հարցին հստակ պատասխանել է, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մերժված են ժողովրդի կողմից, մերժված են նաեւ մեր կողմից։ Եթե կարծում եք, որ նույն հարցը տարբեր սոուսներով, մանանեխով, առանց մանանեխի, կետչեւպով, մայոնեզով, տարբեր անկյուններով տալով ստանալու եք այն պատասխանը, որ ճպացնեք վերնագիր՝ «Նա չբացառեց», ինձնից առնվազն, որպես նախկին լրագրողի չեք ստանալու ձեր երանելի նախադասությունը»։