Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Սերժ Սարգսյանի ելույթի մեսիջների և ազդեցության մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:
Վերջինիս համոզմամբ՝ ելույթները որևէ նշանակություն չունեն, կարևորը գործողություններն են:
«Նախագահի ելույթները կարևոր են, երբ դա նախընտրական քարոզարշավ է, կամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մեկ կամ, լավագույն դեպքում, երկու տարվա ընթացքում են, որ կարևորվում են: Այդ ընթացքում է, որ ելույթներն ինչ-որ ուղենիշ են կամ քաղաքականություն են ցույց տալիս: Բայց երբ արդեն ութ տարի է, ինչ նախագահը զբաղեցնում է այդ աթոռը և ՄԱԿ-ում ելույթ է ունեցել, դա այլևս կարևոր չէ»,- ասաց Բադալյանը և նշեց, որ այս դեպքում, դու նայում ես ոչ թե ելույթին, այլ նախորդ տարիների իր վարած քաղաքականությանը:
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ Սերժ Սարգսյանի ելույթը կկարողանա հանգստացնել սահմանային լարվածությունը, կամ որքանո՞վ կկարողանա միջազգային հանրության ուշադրությունն ուղղել այս խնդրին, Բադալյանն ասաց.
«Գործող նախագահի ելույթը չի կարող ազդել սահմանային լարվածության վրա, և իր ոչ մի ելույթով Սերժ Սարգսյանն այդ լարվածությունը չի կարող թուլացնել, որովհետև լարվածության պատճառը Լեռնային Ղարաբաղի չլուծված հարցն է, ու քանի դեռ կա այդ հարցը, սահմանային լարվածությունները լինելու են:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության ուշադրությունը գրավելուն, չեմ կարծում, որ ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում էր Սերժ Սարգսյանի ելույթին և որ նոր դրանից հետո ուշադրություն դարձներ խնդրին:
Աշխարհն ունի այլ՝ ավելի լուրջ հարցեր, ավելի կարևորություն, առաջնահերթություն ունեցող հարցեր, ինչպիսիք են, օրինակ, Սիրիայի կոնֆլիկտը, «Իսլամական պետության» հետ կապված խնդիրները և Եվրամիությունում փախստականների խնդիրները: Անգամ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններն այլևս առաջին կարևորության խնդիրներ չեն, և որոշում կայացնող երկրների համար առաջին տեղում չեն: Բնականաբար, ԼՂՀ-ի և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող կրակոցները, երբ անգամ մարդիկ են մահանում, հավատացե՛ք՝ դա իր կարևորությամբ առաջին տեղում չէ»,- ասաց Բադալյանը և նշեց, որ խնդիրն առաջնային է Հայաստանի համար, Ադրբեջանի համար կարևորագույն խնդիր է ներկայացնում, Ռուսաստանի ինչ-որ արտաքին քաղաքականության ճյուղերից մեկն է հանդիսանում, բայց ասել, որ դա համաշխարհային ուշադրության կենտրոնում է, այդպես չէ: