Հրաժարականից մեկ տարի անց առաջին անգամ երեկ խոսել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Իհարկե, դա շատերի կողմից սպասված խոսքը չէր, համենայն դեպս, այն չէր, ինչ ներկայացնում էին իր կուսակիցներն ու մամուլը առ այն, որ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներից մեկին եւ տվել բոլոր հարցերի պատասխանները՝ սկսած հրաժարականի պատճառներից, վերջացրած՝ Արցախի շուրջ վերջին զարգացումներով: Լրագրողի հարցին, թե, ի վերջո, ե՞րբ է խոսելու Սերժ Սարգսյանը լայն հանրության համար, ՀՀԿ նախագահը պատասխանել է, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակը և բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ...Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը։
 
Իրականում, երեկ Սարգսյանի կողմից հնչեցին անչափ կարևոր շեշտադրումներ, թեկուզ և տողատակով: Մի կողմից, երրորդ նախագահը հստակ մեսիջ հղեց քաղաքական դաշտին, որ իր ակտիվացման, կամ, այսպես ասենք՝ վերադարձի հիմնական հենարանը լինելու է քաղաքացիական ակտիվությունը: Սարգսյանը փաստացի ակնարկում է, որ որեւէ մեկն այլեւս թող չունենա ամբողջ պատասխանատվությունն իր վրա բարդելու եւ սեփական ուսերին միայն «անհատի պաշտամունքի» պատասխանատվությունը թողնելու հույս:
 
Որևէ մեկը ասելով, Սարգսյանն իհարկե նկատի ունի նաև այս պահին կալանքի տակ գտնվող, սակայն քաղաքական հայտ ներկայացրած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հեռակա կարգով հասկացնում է՝ իրենից աջակցություն սպասելը քաղաքական անհեռատեսություն է: Մեկ այլ մեսիջ էլ ուղղված էր վարչապետ Փաշինյանին: Երրորդ նախագահը ակտիվացման պատասխանատվությունը և բեռը դնելով քաղաքացիական հասարակության վրա, փաստացի փորձում է ցույց տալ, որ ինքը հանգիստ նստած է իր տեղը և այս պահին իրենով զբաղվելու կարիք չկա: Միևնույն ժամանակ, Սարգսյանի քաղաքական հայտի հարցը շարունակում է բաց մնալ, վերադարձի ճանապարհը Սարգսյանը չի փակում, այլ փորձում է մանևրել՝ գտնելու համար այդ վերադարձի համար առավել նպաստավոր ճանապարհը: