Հայաստանը քննարկում է մինչեւ 2030 թվականը երկրի զարգացման ռազմավարական ծրագիր, առաջիկա ամիսներին այն կհաստատվի: Այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը` պատասխանելով դեմոգրաֆիկ խնդիրների մասին հարցերին:
«Այո կա այդպիսի խնդիր: Այն բնորոշ է ոչ միայն Հայաստանին: Մեր դեպքում կա բնակչության կրիտիկական զանգված, որը հետագայում կարող է ազդել որոշ ցուցանիշների վրա: Դրա հետ կապված, աշխատում ենք հատուկ ծրագրի շուրջ և ցանկանում ենք 2040 թվականին Հայաստանի բնակչությունը հասցնել 4 մլն-ի: Ոչ վաղ անցյալում մեզ մոտ քննարկվում էր մինչեւ 2030 թվականը երկրի զարգացման ռազմավարական ծրագիր: Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին այն կհաստատվի: Այո, մենք ոչ մեծ բնական աճ ունենք: Մենք մեծապես խրախուսում ենք բազմազավակ ընտանիքներին և պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Չեմ կարծում, որ միջին ժամկետում հավասարակշռությունը կխախտվի: Այո մենք քիչ ենք, բայց մենք վատ չենք աշխատում: Մենք մեր հարևանների հետ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի համադրելի արդյունք ունենք: Նախորդ տարի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս: Միջին աշխատավարձը Հայաստանում ավելի բարձր է, քան մեր հարևանների մոտ: Վերջին 10 տարվա ընթացքում մենք կարողացել ենք երկու անգամ մեծացնել տնտեսությունը: Այսօր ՀՆԱ-ի 37 տոկոսը բաժին է ընկնում ապրանքների արտահանմանը և ծառայություններին, դա լավ ցուցանիշ է, որով, այնուամենայնիվ, չպետք է բավարարվել: Եթե ֆորս մաժորային իրավիճակ չլինի, ապա այս տարի աճը կշարունակվի»,-ասաց Սերժ Սարգսյանը: