Մենք 20 տարի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հանրահավաք արեցինք, հիմա էլ ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խոչընդոտվում՝ ի տարբերություն անցյալի: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմությունը արտահերթ ընտրություններից հրաժարվել է, քանի որ գիտի՝ իշխող ուժը հաղթանակ կտանի: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգություններ չունե՞ն ընդդիմության կողմից հայտարարված հանրահավաքների առնչությամբ, այն առնչությամբ, որ քաղաքացիների թիվը կարող է կրկնապատկվել՝ Սիմոնյանը քաղաքացիների հետ կապված մտահոգություն ունենալը համարեց ամենասխալ բանը՝ շեշտելով, որ քաղաքացիներն են երկրի տերը: «Հիմա էլ մարդիկ կարող են հանրահավաքներ անել: Շատ ուրախ եմ, որ քաղաքական պրոցեսները շատ ավելի մեծ տեղ են գտել այսօր, քան օրինակ 2-3 ամիս առաջ»,-ասաց Սիմոնյանը:
Նա ցավալի համարեց, որ ընդդիմությունը չընդունեց իշխանության՝ նոր ընտրությունների գնալու առաջարկը և ընտրեց փողոցային պայքարի տարբերակը, սակայն շեշտեց, որ դա նրանց իրավունքն է: «Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ իրենց իրավունքը իրագործվի»,-նշեց Սիմոնյանը:
Միևնույն ժամանակ Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոնը և օրինականությունը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները մի քանի շարքով կանգնում կառավարական շենքերի մոտ, իշխանության մոտ վախի զգացո՞ւմ կա, Սիմոնյանն ասաց, որ դա արվում է բնականոն աշխատանքն ապահովելու համար: Խոսելով այն մասին, թե ինչու նախկինում այդպես չէր, նա ասաց, որ նախկինում ընդդիմության լիդերների կողմից ծայրահեղ հայտարարություններ չէին հնչում, բռնության կոչեր չէին լինում: «Բնականոն աշխատանքն ապահովելու, ինչպես նաև ընդդիմության բնականոն գործունեությունը՝ ցույցերի և հավաքների միջոցով իրենց իրավունքն իրագործելու առումով ոստիկանությունը ապահովում է կարգ ու կանոնը»,-ասաց Սիմոնյանն ու շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին՝ լավ աշխատանքի համար, որ որևէ մեկը չի տուժել: