ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների գլխավոր պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Ճիշտ է, մի քանի այլ պահանջներ էլ են նրանք ներկայացնում, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակում, սակայն, եթե կատարվի նրանց առաջին պահանջը՝ բոլորն էլ ազատ կարձակվեն:

 

Արդեն 8-րդ օրն է, ինչ գունդը գրավված է «Սասնա ծռեր» խմբի կողմից: Արդեն 6-րդ օրն ազատ արձակվեցին բոլոր պատանդները, և հիմա, կարծես թե իշխանություններին ոչինչ չի խանգարում մի քանի օր թողնել, որ Պավլիկ Մանուկյանն ու մյուսները մնան Ոստիկանության գնդում:

 

Սերժ Սարգսյանն այս ամենից 2 կարևոր օգուտ է ստանում. առաջին՝ սա կարող է ազդակ լինել, որպեսզի վերջինս վերջապես ազատվի իր շրջապատի քրեաօլիգարխիկ տարրերից՝ հատկապես տնտեսական բլոկը քայքայած, մենաշնորհներով երկիրն այս օրին հասցրած պաշտոնյաներից:

 

Թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ մի քանի հայտնի օլիգարխներին արդեն պարզ է՝ եթե մի քանի հոգի կարողանում են գրավել ՊՊԾ գունդը, կկարողանան գրավել նաև այդ օլիգարխների տները՝ նրանց ընտանիքներին պատանդ պահելով և հարցեր առաջ քաշելով:

 

Այս համատեքստում, Սերժ Սարգսյանին ձեռնտու է, որ բոլորը տեսնեն ու հասկանան, որ այսպես շարունակել անհնար է:

 

Հարց կառաջանա՝ ի՞նչ է, ինքը տեղյակ չէ՞ր այն իրավիճակից, որն առկա էր և շարունակում է առկա լինել երկրում:

 

Իհարկե, տեղյակ էր, սակայն ոչինչ անել չի կարողացել, որովհետև այդ ապիկար կառավարիչներն ու մենաշնորհի տեր օլիգարխներն են, որ ապահովում են Սերժ Սարգսյանի շարունակական ընտրվելն ու ՀՀԿ-ի վերարտադրվելը:

 

Այս իրավիճակից հետո Սերժ Սարգսյանը կկարողանա մատնացույց անել ՊՊԾ գունդն ու իրեն հատուկ ոճով ասել. «Կգրավեն, կկրակեն: Մարդիկ դժգոհ են»: Այս ջրից չոր դուրս գալուց հետո իշխանության ներսում կկատարվեն մի շարք փոփոխություններ:

 

Պատահաբար չէ, որ մամուլում արդեն իսկ՝ որպես մխիթարանք, շրջանառվում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը:

 

Այս զինված գրոհը թույլ կտա Սերժ Սարգսյանին ազատվել իրեն ոչ ցանկալի տարրերից, որոնք, սակայն, իրեն պետք են գալիս հինգ տարին մեկ:

 

Պատահական չէ նաև այն, որ հենց գունդը գրավելու օրը նախագահի նստավայրում անցկացվեց «Դատաիրավական բարեփոխումներին» նվիրված հերթական քննարկումը:

 

Դատական, իրավական, առհասարակ, արդարադատության առումով, Հայաստանում նույնպես կա լրջագույն պրոբլեմ: Հայաստանի քաղաքացիների հիմնական մասը դժգոհ է և’ տնտեսությունից, որը, համաձայնենք, գոյություն չունի, և’ արդարությունից:

 

Գնդի գրավման մասով Սերժ Սարգսյանի հաջորդ՝ ավելի կարևոր օգուտներից մեկը, ԼՂՀ հարցի շուրջ ստեղծված և մինչ օրս հասարակության համար սպասելի հարցն է:

 

«Հողերը տվել ա»: Ահա այս բառերը գրեթե բոլորի շուրթերին է: Եվ պատահական չէ, որ զինված գրոհը տեղի ունեցավ հենց այս օրերին, երբ ուրվագծվում էր Սարգսյան -Ալիև հաջորդ հանդիպումը:

 

Հասարակությունը կարծում է, թե ստորագրվել կամ էլ բանավոր պայմանավորվածություն է եղել մի քանի տարածքներ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:


Այս առումով, զինված խումբը որքան ավել մնա ՊՊԾ գնդում, այնքան Սերժ Սարգսյանը կունենա ավելի մեծ հաղթաթուղթ: Երկրում խռովություն կա: Եվ համաձայնենք՝ խռովությունն արվել է հենց Արցախի խնդրի վերաբերյալ: Եվ Սերժ Սարգսյանը միջազգային ատյաններին մատնացույց անելով այս ապստամբությունը, գոնե որոշակի առումով կկարողանա ժամանակ շահել:

 

Զինված խմբին հետաքրքրում է Արցախի ճակատագիրը, իսկ դրսում հավաքվող հասարակությանը՝ապրելու խնդիրը:


Արձանագրենք, որ հուլիսի 17-ից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, որից պետք է դասեր քաղեն բոլորը:


Եթե այս հարձակումից հետո ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է, հավատացեք, հաջորդ զինված խումբը կարող է գրավել ավելի կարևոր օբյեկտներ և, այս անգամվա դասերը աչքի առաջ ունենալով, կգնան ավելի ծայրահեղ քայլերի: