Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում:

 

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն լավ ավանդույթ դարձած Երևանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարը, որը, Նախագահի համոզմամբ, օգտակար ու արդյունավետ հարթակ է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման համար: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ տարածաշրջանների հետ համագործակցությունը հայ-ռուսական դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչն է և գոհունակությամբ է փաստել, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում ու խորանում են:

Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և բարձր գնահատել Սանկտ Պետերբուրգի ու Երևանի միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը, որի հիմքում, ըստ նրա, հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ոլորտներում երկկողմ ջանքերով իրականացված աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ ապրանքաշրջանառության որոշակի աճը:

 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարը:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը և հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ աշխատանքը: