Երևանի ավագանու ընտրությունների թեկնածու Հանրապետական կուսակցությունից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր թիմակիցների հետ քարոզարշավ էր իրականացնում Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
Բնակիչների հետ հանդիպմանը խոսքով հանդես եկավ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը՝ ընդգծելով տարիների ընթացքում կատարած աշխատանքները․ «Մեր անցած ճանապարհը եղել է դժվար, դաժան, բայց արդյունավետ: Այս ամենը շարունակական է։ Համեմատություն արեք թեկնածուների, մրցակիցների միջև և միահամուռ ուժերով ձեր ձայնը տվեք այս Երևանին, պատմություն անցած Երևանին, ճանապարհ անցած Երևանին, և հանուն բարեկարգ Երևանի»:
Ավագանու թեկնածու Լիլիթ Բեգլարյանն էլ իր ելույթում անդրադարձավ երիտասարդների ներգրավվածությանը Հանրապետականի ցուցակում և կարևորեց այդ հանգամանքը՝ նկատելով, որ երիտասարդները՝ կարևոր դեր ունեն, որպես ռազմավարական ներուժ:
Քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նախքան ծրագրերին անդրադառնալը շնորհավորեց բնակիչներին մայիսյան տոների կապակցությամբ: «Իմ գործընկերները ներկայացրին մեր կատարած աշխատանքները, որոնք լինելու են շարունակական: Դա մեր ամենօրյա աշխատանքն է: Մեր նախընտրական ծրագրում և հնգամյա զարգացման ծրագրում մենք ներառել ենք այդ բոլոր հարցերը: Մենք ունենք խնդիրներ բազմաբնակարան շենքերի հետ կապված: Մենք բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում փոփոխությունների, կառավարման փոփոխության օրենսդրական նախաձեռնություն ենք ներկայացնում»,- նշեց Տարոն Մարգարյանը՝ շեշտելով, որ իրենք ոչ թե խոստումներով, այլ հստակ ծրագրերով են հանդես գալիս: