ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում պորտֆելների քննարկման մասին տեղեկություններ դեռ չկան: Հարցին՝ «Դաշնակցության» համար ԱԺ նախագահի պաշտոնում պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունն ընդունելի՞ է, Մինասյանը պատասխանեց, որ այս պահին նման բան չի քննարկվել: «Դաշնակցությունն ունի Գերագույն մարմին, և այդպիսի հարցերը քննարկվում են Գերագույն մարմնում: Ես, որպես կուսակցական և Գերագույն մարմնի անդամ, չեմ կարող հրապարակել իմ տեսակետն այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունում չի քննարկվել»,- ասաց նա:
Անդրադառնալով բնապահպանության նախարարի պորտֆելի հավանական պահպանմանը՝ Մինասյանն ասաց. «Այս պահին Կուսակցության և ՀՀ նախագահի դիրքորոշումը, կարծում եմ, այն է, որ պետք է պահպանել Բնապահպանություն նախարարության պորտֆելը, մանավանդ, որ մեծածավալ փոփոխություններ պետք է իրականացնենք ոլորտում: Բայց այս պահին դեռ որևէ հստակ բան չկա»:
«Դուք ցանկանո՞ւմ եք մնալ այդ պաշտոնին» հարցին՝ պատասխանեց. «Ես ուզում եմ շարունակել իրականացնել այդ բարփոխումները»: