Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվում էր դատավորների, դատախազների և քննիչների համար բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ ներդնելու հարցը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը թեմայի շուրջ իր խոսքում նկատեց․
«Այս նախաձեռնության կարևոր հատվածը թափանցիկության և պրոֆեսիոնալիզմի օբյեկտիվ գնահատումը պետք է լիներ, դա կարևոր նախապայմաններից մեկը պետք է լիներ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և դրա համար հիմք հանդիսացող տվյալների վերլուծությունը, ուսումնասիրությունը կատարելիս։
Հակառակ դեպքում, այս սկզբունքները դնում ենք մի կողմ և շարժվում ենք բացառապես սուբյեկտիվ մոտեցումներով։ Օրվա իշխանության վարվող քաղաքականության շրջանակներում մենք շատ հաճախ հանդիպում ենք նման մոտեցում՝ «կապ չունի՝ դրական եզրակացություն է, թե ոչ, չենք ուզում ու վերջ»։ Սա նշանակում է նաև հանրային պատասխանատվության նվազեցում կամ բացակայություն։
Ինչու՞ եմ կարևորում այս հարցը, որովհետև մենք պարտադրում ենք անձին՝ դատավորին, մշտապես տեղեկատվության հագեցվածության պայմաններում, անընդհատ տեղեկատվություն տալ»,- ասաց Մինասյանն ու հավելեց՝ հանրության մոտ պետք է ձևավորվի համոզում և վստահություն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է և վստահ տալիս է այդ բարեվարքության եզրակացությունը․
«Հակառակ դեպքում ստացվում է՝ հանրությանը մենք հեռու ենք պահում կադրային քաղաքականությունից, նաև՝ հաշվետվողականությունից»,- նման տեսակետով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավորը։