«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը՝ մայիսյան եռատոնի առթիվ.
Մայիսի 9-ը եռակի խորհուրդ ունի հայ ժողովրդի համար: Անցյալ դարի 1945թ.-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի տարած հաղթանակից հետո երկրորդ նշանակալից և կենսական անհրաժեշտություն դարձած 1992թ.-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակն էր, ինչին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:
Մայիսյան այս հաղթական եռատոնը ապացուցում է` հայն ու Հայաստանն անկոտրում է յուրաքանչյուր մարտահրավերի առաջ, պարզապես պետք է կամք, միասնականություն և նպատակ՝ ինքնուրույն ապրելու, հզորանալու և կայանալու համար:
2016 թվականի Ապրիլյան պատերազմն էլ ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի մարել մեր ժողովրդի մարտական ոգին, հայրենասիրությունն ու մեր հողում ապրելու ու արարելու, Հայաստանը շենացնելու մեծ ցանկությունը:
Այսօր թեպետ մեր երկրի սահմանները փխրուն են, բայց անխոնջ կանգնած է մեր երիտասարդ սերունդը, ով սահմանին պայքարում է արտաքին, իսկ երկրի ներսում` ներքին մարտահրավերների դեմ:
Հարգելի՛ հայրենակիցներ,
մեր նախորդների հերոսական անցյալը չմոռանալով` նրանց թողած ժառագությունը պահպանելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնենք նաև մեր երկրի ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային խնդիրներին. չէ՞ որ ամուր և հզոր պետություն կերտելու համար պետք է երկրի ներսում ունենանք զարգացող, աճող և դիմակայող սերունդ, և հենց այս սերունդն է, որ իր վրա պետք է վերցնի պատասխանատվության մեծ զգացում և պայքարի հանուն իր իրավունքների, հանուն ժողովրդավար, ազատ և անկախ Հայաստանի կառուցման:
Այս սերունդն է, որը կերտելու է Հայաստանի հզոր ապագան: Շնորհավո՛ր եռատոն: