Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում էր:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ որտեղի՞ց է պատրաստվում գումար տալ ՀՀԿ-ի ընտրակաշառքը չընդունող քաղաքացիներին՝ նշեց. «Դա լինելու է մայրաքաղաքի բյուջեից: Եվ լիքը գումարներ կան, որոնք բյուջե չեն մտնում: Սամվել Ալեքսանյանի տան նման տները, որոնք չեն վճարում գույքահարկը կամ ծիծաղելի գույքահարկ են վճարում, իրենք իրական գույքահարկը վճարելու են, և մենք մտադիր ենք առնվազն 30 միլիարդ դրամով ավելացնել Երևան քաղաքի բյուջեն, որից 15 միլիարդը՝ գույքահարկի թերհավաքագրումները վերականգնելով»:
Նա ընդգծեց, որ ԵԼՔ դաշինքի առաջարկին քաղաքացիները դրական են արձագանքել. «Բոլոր քաղաքացիներն ունեն հնարավորություն օգտվելու այդ առաջարկից: Մարդիկ ասում են, որ դա ընտրակաշառքային գերության մեջ գտնվող քաղաքացիների ազատության համար տրվող փրկագինն է»:
Ինչո՞ւ բյուջեի հաշվին, հարցին Փաշինյանը հարցով պատասխանեց. «Բա ո՞ւմ հաշվին»:
Հարցին՝ ինչպե՞ս են ստուգելու մարդկանց ազնվությունը, որոնք կարող են և՛ ընտրակաշառք վերցնել, և՛ թուղթ ներկայացնել, որ չեն վերցրել, Փաշինյանը պատասխանեց.
«Ստուգելու անհրաժեշտություն չունենք, ընտրությունների արդյունքներն արդեն կլինեն էդ ստուգման մեխանիզմը: Եթե մենք ընտրվենք մեծ տոկոսով, նշանակում է՝ էդ մեխանիզմը աշխատել է»:
Հիշեցնենք, որ երեկ ԵԼՔ դաշինքը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր նոր նախաձեռնության մասին, ըստ որի՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող քաղաքացիներին առաջարկում են քաղաքապետարանում դիմում գրել՝ փաստելով, որ հրաժարվում են ընտրակաշառքից, որի դիմաց ԵԼՔ դաշինքը նրանց կտրամադրի 15.000-ական դրամ: