Խնդիրներն ու իրենց պատասխանին սպասող հարցերը վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում կարծես միայն ավելացման միտումներ են դրսևորում: Իր մեջ հատկապես բազում հարցականներ էր պարփակում ներքաղաքական ապագա դասավորվածոթյանն առնչվող գերխնդիրը, որի լուծումն, ըստ էության, կախված էր մի շարք հարցերից, որոնցից ամենակարևորն ու էականն, ըստ էության, ուղղակի առնչություն ուներ արտաքին գործոնների հետ, ինչն, ի դեպ, բնավ էլ զարմանալի չէ, քանի որ տարածաշրջանում ստեղծվել է մի գերզգայուն իրավիճակ, որն ուղղակի չի կարող ազդեցություն չթողնել կիզակետում հայտնված երկրների, բայց հատկապես՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Իսկ թիվ մեկ հարցն այսօր, ինչպես հայտնի է՝ վարչապետ Կարեն Կարպետյանի քաղաքական ճակատագրի հարցն է. ի՞նչ է լինելու նրա հետ 2018-ի հունվարի մեկից հետո, կշարունակի՞ ներկա վարչապետն իր գործունեությունը Հայաստանում, թե՞, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն ստիպված է լինելու ևս մեկ անգամ զբաղվել իր համար ընդունելի վարչապետի համապատասխան թեկնածուի փնտրտուքով: Ինչպես պարզվեց, մայիսի 9-ն այս բոլոր հարցերի պատասխանները գտնելու իմաստով չափազանց բարեհաջող օր էր. միմյանց հաջորդեցին իրադարձություններ, հայտարարություններ, տեղի ունեցան բաներ, որոնք հստակորեն լույս են սփռում Հայաստանի հետագա ճակատագրին ուղղակիորեն առնչվող հարցերի վրա:

Նախ՝ վարչապետ Կարապետյանը, Հաղթանակի զբոսայգում խոսելով կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների թեմայով, հավաստիացրել էր, որ եթե նույնիսկ փոփոխություններ էլ լինեն,ապա դրանք արմատական բնույթ չեն կրելու: Սրան զուգահեռ՝ նույն օրը Սամվել Նիկոյանն էր հարցազրույցով հանդես եկել, ուր տառացիորեն փառաբանել էր ներկա վարչապետին՝ նրան փաստացի հռչակելով միակն ու անկրկնելին: Այնուհետև՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, խոսելով Գյումրու ռազմաբազայի ընդլայնման թեմայով, այն միանգամայն հնարավոր էր համարել՝ փոխադարձ պայմանավորվածությունների ու համաձայնության հիմքով: Այս ամեննն էլ երբ դիտարկում ես Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համապատասխան հարցազրույցի պրիզմայով, կամա-ակամա՝ հասկանում ես, որ այս բոլոր իրադարձությունները միևնույն շղթայի անքակտելի մասնիկներն են, որոնք միմյանց միջև տրամաբանական կապակցության մեջ են գտնվում: Հարց՝ ի՞նչ է այս ամենը նշանակում:

Այս ամենն իրականում նշանակում է հետևյալը. առաջին՝ Կարեն Կարապետյանին, այնուամենայնիվ, չեն կրճատի, ու նա 2018-ից հետո ևս կշարունակի կարևորագույն դերակատարություն ունենալ Հայաստանի կառավարման գործում, և սա այն պարագայում, երբ հատկապես վերջին շրջանում հիմքեր էին ստեղծվել կարծելու, որ Կարապետյանի քաղաքական ճակատագրի հարցն այլևս որոշվել է ու ամենևին էլ ոչ այդ ճակատագրի տիրոջ օգտին: Երկրորդ' «Դաշնակցության» գործոնը չի օգտագործվի Կարապետյանի դեմ ու նրա դիրքերին այդպիսով հարված չի հասցվի, երրորդ՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության մեծացումը կշարունակվի, որը, սակայն, իր գինն ունի, որը Հայաստանի անվտանգության ապահովումն է. Հայաստանը պետք է վստահ լինի, որ վճռորոշ պահին, երբ Անդկովկասը կրկին հայտնվի պատերազմի կրակներում, ինչը, բնականաբար, միմիայն ժամանակի հարց է, Ռուսաստանը երես չի թեքի մեր երկրից ու մեզ առևտրի առարկայի չի վերածի: Այսպիսով՝ դատելով Կարապետյանի նկատմամբ որդեգրած քաղաքական կուրսի փոփոխությունից, կարող ենք ասել, որ նման երաշխիքներ ՌԴ կողմից տրվել են. Վիգեն Սարգսյանի այցը Մոսկվա՝ բեղուն ստացվեց փաստորեն:

Այս ամենից պետք է մեկ եզրակացություն անել՝ կարող ենք հանգիստ լինել. Բաղրամյան 26-ում կարողանում են չեմպիոնին վայել շախմատ խաղալ…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ