«Ապրիլյան քառօրյա առճակատումը և դրան հաջորդած զարգացումները, իրենց թողած ծանր հետևանքներով հանդերձ, միաժամանակ ուղղորդիչ նշանակություն ունեցան՝ ինչպես հայ ժողովրդի հետագա կենսագործունեության կազմակերպման, այնպես էլ նրա զինված ուժերի աստիճանական առաջընթացի ապահովման տեսանկյունից: Կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ Արցախի լինելիության թիվ մեկ գրավականը նրա բանակն է, իսկ վերջինս հզորության հասնելը՝ հայոց համազգային միասնությունը: Սրանք այն երկու բացառիկ արժեքներն են, որոնց հիմքի վրա կառուցվել ու պետք է կառուցվի հայության համար կենսական կարևորություն ունեցող և հաղթանակների կամուրջը»: Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիսավոր երեկոյի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Նրա խոսքով, ունենալով մինչև ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ, որ ամեն պահ պատրաստ է դարանակալ հարվածով սպանել երեխային, կնոջն ու զառամյալ ծերունուն, գլխատել ու անարգել մարտադաշտում հերոսաբար նահատակված հայի մարմինը, առավել քան պահանջված է դառնում եղածը շարունակաբար կատարելագործելու, նկատված թերություններից արագ ձերբազատվելու, և որ շատ կարևոր է, գաղափարական հիմքերով ամբողջացած հայության ոգեղեն որակները նպատակին ծառայեցնելու անհրաժեշտությունը:
Լ. Մնացականյանը խոսել է ՊԲ-ում կատարված բարեփոխումների, նոր տեխնիկայի ձեռքբերման և ժամանակակից տեսադիտարկման սարքավորումներով հագեցվածության մասին, որոնք հնարավորություն են ընձեռել ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցող սադրիչ գործողությունների փորձերը կանխել:
«Մայիսյան եռատոնը մեզ՝ ապրողներիս, առաջին հերթին սովորեցնում է անընդհատ հիշել բոլոր նրանց, ովքեր սրբազան կյանքով կերտել են իրենց անմահության կոթողը՝ լինի դա Մեծ հայրենականի մարտադաշտերում, թե Արցախի պաշտպանության դիրքերում: Նրանց մեծ մասը, հատկապես ապրիլյան պատերազմի օրերին, 18-20 տարեկաններ էին, ովքեր իրենց հրամանատարների գլխավորությամբ կատարեցին անհնարինը: Եվ բացառությամբ մի քանի հենակետերի՝ անառիկ պահեցին մոտ 200 կմ երկարությամբ ձգվող հայոց արևելյան սահմանը: Մարտական գործողությունների առաջին իսկ օրից հայության տարբեր հատվածները ներկայացնող հարյուրավոր կամավորականներ, անտեսելով իրենց տարիքը, առանց որևէ հայտարարության շտապեցին կանգնել առաջնագիծը պահող իրենց զավակների ու եղբայրների կողքին:
Այդ օրերին առանձնակի ակտիվություն ցուցաբերեցին Արցախյան շարժման մասնակիցները, ովքեր, համախմբված լինելով տարբեր հասարակական կազմակերպությունների շուրջ, մեկնեցին ռազմաճակատ և մոտ 2 ամիս մնացին առաջնագծի ամենադժվար մասերում: Արցախը ներկայացնող դիվանագետները գրեթե բոլոր գերտերություններում և հայաշատ վայրերում այդ օրերին գտնվում էին միջազգային մամուլի կենտրոնում»,-մասնավորապես ասել է նախարարը և ընդգծել, որ 25-ամյա պաշտպանության բանակը հայ հասարակության բոլոր շերտերի անմնացորդ աջակցության շնորհիվ եղել է, կա ու միշտ լինելու է իր բարձրության վրա: