«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր ամփոփելով քարոզարշավը, նշեց, որ այս ընթացքում հասցրել են փաստել, որ ՀՀԿ-ն շարունակում է ուսուցչանոցում ժողովներ անել և մարդկանց հավաքագրել՝ հետագայում այդ ուռճացված ցուցակներն ի նպաստ իրենց օգտագործելու համար. «Մեզ, սակայն, դա չի վախեցնում, քանի որ մարդիկ գաղտնի են քվեարկում և նրանք պետք է իրենց վրեժը լուծեն այն մարդկանցից, ովքեր ստիպել են իրենց՝ դառնալ կաշառքի սպասող: Սա մահապատժի պես բան է և քաղաքացին իր վրեժը պետք է լուծի»:


ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում Ելք դաշինքի նոր առաջարկությանը, ըստ որի՝ իրենք քաղաքացուն ընտրակաշառքից հրաժարվելու դեպքում կտրամադրեն 15 հազար դրամ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ընտարակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն դատապարտելի արարք է և ես դա դատապարտում եմ: Ո՞րն է տարբերությունը. նա էլ էր կաշառք, սա էլ է կաշառք: Սա դատապարտման ենթակա քայլ է և ես թույլ չեմ տա, որ նման քայլի դիմեն, քաղաքի բյուջեն այդպես ծախսեն մարդիկ, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում»:


Մեր դիտարկմանն՝ արդյոք ԵԼՔ դաշինքի այս քայլը չի՞ գալիս լեգիտիմացնելու ընտրակաշառք եզրույթը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իհա՛րկե լեգիտիմացնում են: ԵԼՔ դաշինքը ձախողեց իր գործը և նման քայլի դիմելով՝ փաստորեն այդ պարտությունը փաստեցին: Փոխարենն աշխատատեղ ստեղծեն և քաղաքացու համար ստեղծեն սոցիալապես ապահով Հայաստան, կաշառք են առաջարկում: Կաշառք տալը ճիշտ ճանապարհ չէ և ԵԼՔ-ը կրկնում է «Հանրապետական» կուսակցությանը»: 


Զարուհի Փոստանջյանը նաև հավելեց, որ ինքն անձնապես ճանաչում է ԵԼՔ դաշինքի կազմում ընդգրկված ավագանու թեկնածուներից  շատերին և քաղաքապետարանում հայտնվելու դեպքում նրանց հետ կարող է համագործակցել: 


Աղավնի Սուքիասյան