Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքը և դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնվել են քննադատությունների թիրախում։ Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ խոստացել է ընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15,000-ական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից:
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ:
Մեր զրուցակիցն, անդրադառնալով ԵԼՔ-ի հայտարարությանը նշեց, որ ինքը հիասթափված է, քանի որ նման հայտարարության չէր սպասում. «Ասինքն` նույն բանն է առաջարկում, ինչ հանրապետականը, միայն թե այն տարբերությամբ, որ նրանք տալիս են սկզբից, ինքը ուզում է տալ հետո: Եթե ՀՀԿ-ն նաղդ է տալիս, ինքն ավանդով է տալու գումարը»:
Նա ընդգծեց՝ սկզբունքորեն տարբերություն չի տեսնում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խոստումը նույն ընտրակաշառքն է. «Ընտրական օրենսգրքում հստակ գրված է այս ամենի մասին և դա կոչվում է խոստում: «անրապետականը» ևս պետական բյուջեից է գումարներ տալիս, պարզապես, նրանք պետբյուջեի չվճարված փողերից են տալիս, իսկ Փաշինյանը վճարված բյուջեից է տանելու: Էական տարբերություն չեմ տեսնում»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունը ծաղրա՞նք է, թե իսկապես նման մեխանիզմ են փորձում կյանքի կոչել ընտրվելու դեպքում, Հոկտանյանը պատասխանեց.
«Դրա մասին որևէ կարծիք չունեմ, չգիտեմ՝ ինչ մոտիվներով է ինքն առաջնորդվում, ուստի որևէ բան ասել չեմ կարող: Սա ընտրակաշառքի խոստում է, սակայն քվեարկելուց հետո, եթե իրենք հաղթեն»:
Մեր զրուցակիցը կարծում էր՝ այս քաղաքական ուժը նման քայլի չէր գնա, բայց փաստորեն նրանք ևս գնում են դրան, որն էլ հիասթափեցնում է Հոկտանյանին:
Նշենք, որ այսօր հրավիրաված ասուլիսի ընթացքում քաղաքապետի մեկ այլ ընդդիմադիր թեկնածու Զարուհի Փոստանջյանը ևս անդրադարձել էր նույն հարցին, վերջինս պատասխանելով ԼՈւՐԵՐ.com«»«-ի թղթակցի հարցին՝ ինչպես է վերաբերվում ԵԼՔ դաշինքի նոր առաջարկությանը, նշել էր. «Ընտարակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն դատապարտելի արարք է և ես դա դատապարտում եմ: Ո՞րն է տարբերությունը. նա էլ էր կաշառք, սա էլ է կաշառք: Սա դատապարտման ենթակա քայլ է և ես թույլ չեմ տա, որ նման քայլի դիմեն, քաղաքի բյուջեն այդպես ծախսեն մարդիկ, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում»:
Սոնա Հարությունյան