Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր ներկա է գտնվել Ախալքալաքում ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նախաձեռնած բողոքի ակցիային, որտեղ նրանք 15-20 րոպե զրուցել են: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Վահագն Չախալյանը՝ ներկայացնելով մանրամասները. «Ես ասացի՝ պատասխան եք տալու, ինքն ափերից դուրս եկավ»:

 

Նրանք խոսել են ռուսերեն լեզվով, հետո Սահակաշվիլին պահանջել է վրացերեն խոսել՝ հարցնելով, թե չգիտե՞ն վրացերեն, ինչին Չախալյանը պատասխանել է. «Գիտե՛նք, ձեր շնորհիվ չորս տարի բանտում սովորել ենք»:
Նրա խոսքով՝ իրենք բողոքում էին, որ հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունն արգելել են հայկական դրպրոցներում, հայկական դպրոցները փակվում են:

 

Պատմելով հանդիպման մանրամասները՝ Վահագն Չախալյանն ասաց. «Ժողովուրդը վանկարկում էր՝ «Մի ՛շա, գնա ՛ Թուրքիա, Մի՛շա, հեռացի՛ր»: Նա մոտեցավ, սկզբից կուլտուրական ձեռքով բարևեց, հետո՝ հարցրեց, թե՝ ինչ է եղել, ինչու՞ ենք մենք բողոքում: Ես սիրուն բացատրեցի նրան, ասացի, որ իրենք իմ երկու տարեկան երեխային չորս ու կես տարի առանց հոր թողեցին միայն մի բանի համար, որ ես իր վարած քաղաքականությանը դեմ էի: Ես ասացի, որ ամաչում եմ իր փոխարեն, քանի որ էսօր քանի տարուց ավելի է՝ հայկական եկեղեցիներից շատերն ավերված վիճակում են: Ասացի նաև գրականության մասին, որը հանել են դպրոցներից: Ինքն ափերից դուրս եկավ, երբ ասացի՝ Դուք պատասխա՛ն եք տալու: Մի պահ սկսեց, թե՝ ես ասֆալտ եմ արել Ջավախքում, լույս եմ քաշել, ես ասացի, որ խաբում է, լույսը մինչ այդ էր քաշված, ասֆալտն էլ, որն անցկացված էր հայկական գերեզմանների վրայով, ինձ պետք չէր: Ասաց՝ արի ցույց տուր՝ որ գերեզմանի վրայով է անցկացված, ես ասացի՝ եկեք ցույց տամ»:

 

Շարունակելով մանրամասնել՝ Չախալյանն ասաց, թե այնուհետև Սահակաշվիլին «փրփրել է», իրեն նորից հայ ազգայնամոլ անվանել՝ փորձելով «պրովոկացիա» անել:

 

«Ես ասացի, որ այդ բառն ինձ համար վիրավորական է, խնդրում եմ՝ չկրկնել, ինքը նորից կրկնեց, բայց փառք ու պատիվ ակցիայի բոլոր մասնակիցներին, որ պրովոկացիայի չենթարկվեցին: Հետո ժողովրդի ներկայությամբ ինքն ինձ առաջարկեց առանձին խոսել, ես ծիծաղացի իր այդ առաջարկի վրա, էնքան էր շփոթվել, որ եկեղեցու փոխարեն կանանց գեղեցկության սրահ գնաց: Մի պահ անգամ գոռաց՝ վախկոտներ, բայց ոչ մի ավելորդ բան չեղավ»,-ասաց Չախալյանը:

 

Վերջինիս խոսքով՝ հայերից Սահակաշվիլիին ընդամենը երկու հոգի են ողջունել:
«Հետո ես իրեն ասացի, որ մի քանի տարի իմ դատը շարունակվեց, ու իրենք հինգ տարվա մեջ մի նորմալ թարգմանիչ չտրամադրեցին, ամենափոքր քայլն անգամ չեն արել: Ինքը հրաժարվեց պատասխանել»,-պատմեց Վահագն Չախալյանը՝ նկատելով, թե մինչև այսօր էլ վախի մթնոլորտ կա Ջավախքում, և ջավախահայերը զարմացել էին, որ մի քաղաքացի նախագահին կարող էր ասել՝ պատասխան ես տալու:

 

«Միասնական Ջավախք» շարժման անդամ Արթուր Պողոսյանը, ով նույնպես ներկա է եղել ակցիային, մեզ հետ զրույցում կրկնեց, որ Վրաստանի նախագահը փորձում էր սադրել իրենց: «Նա մեզ ասաց՝ ամբողջ Վրաստանը ծախել եք թուքերին և ադրբեջանցիներին, մենք էլ իրեն ասեցինք՝ դու վրաց և հայ ժողովրդի թշնամին ես, անողնաշար մարդ ես: Ասացինք՝ դու քո ժողովրդի թշնամին ես, ոչ թե՝ նախագահը»,-ասաց նա:

 

Ակտիվիստների խոսքով՝ իրենք նաև կոչ են արել ջավախահայերին՝ ձայն չտալ 5-րդ համարին՝ Սահակաշվիլիին: