ԱԺ-ում այսօր ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում հիշեցրեց, որ 1989-ին դադարից հետո իր վարչապետության տարիներին իր որոշմամբ այն կրկին գործարկվեց:

 

«1990-ականներին, երբ ատոմակայանը պետք է վերագործարկվեր, աշխարհի լավագույն մասնագետներըն ասել էին՝ եթե անգամ միտումնավոր աղետի տանես այս ատոմակայանը, այն լավագույն դեպքում կանցնի ստորգետնյա ջրեր և շրջակա միջավայրին չի կարող սպառնալիք լինել:

 

Ես շնորհակալություն եմ հայտնում ինձ հետ աշխատած մարդկանց, որոնք ինձ հետ միասին ստորագրեցին վերագործարկման թղթերը: Այն ժամանակ ՀՀ առաջին նախագահի հետ հավաքվեցինք ու ստորագրեցինք վերագործարկման փաստաթղթղերը, որ եթե մի բան պատահի, գլխով ենք պատասխան տալու»,- ասաց Բագրատյանը:

 

Նա անդրադարձավ նաև պատմության դասագրքերին և պատմաբաններին, նշեց, որ այսօր, ով լավ քծնում է, նա պատմաբան է:

 

«Շարմազանովը, ով իմ լավ ընկերն է, ծիծաղում է, մեղք չունի, էն ժամանակ երեխա էր, փոքր էր, որտեղից պիտի կարդար թե ինչ է եղել: Ինչ են գրում պատմության գրքերում: Հիմա ով լավ է քծնում, նա պատմաբան է: Հերոսական էպիզոդը, ունիկալ էպիզոդը հայ ժողովրդի պատմության մեջ՝ անտարբերության է արժանանում գրքերի մեջ, իսկ մի քանի տգետ այստեղ մազութի և մութ ու ցուրտի կոմիսիա էին ստեղծել»,- ասաց Բագրատյանը:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.