Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 861-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.01.2018թ.-ի 21-Ա հրամանի համաձայն՝ Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին էր սահմանվել 160.000 դրամը: Կառավարությունում բազմիցս տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման համար պետք է սահմանվի ավելի մատչելի գին: Ուստի, ս.թ. փետրվարի 5-ի ՊԵԿ նախագահի թիվ 67-Ա հրամանով՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գինը սահմանվել է 60.000 դրամ: Այդ մասին հայտարարել էին և՛ ՊԵԿ նախագահը, և՛ ՀՀ վարչապետը, ով Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հանդես եկավ ՖԲ գրառմամբ՝ նշելով հետևյալը. «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից: Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի: Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր և միջին սուբյեկտներ»: