Ինչպես արդեն տեղեկացրել ենք ժամեր առաջ դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու կասկածանքով:
ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի ձերբակալության վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել եւ անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։
Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերեւույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն»։