Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը դատապարտում է Ադրբեջանի կողմից Շանթ հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը: Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ ոչ մի առողջ մտածող մարդ չի կարող չդատապարտել նման միջադեպերը, երբ խախտվում են մարդասիրական նորմերը:
«Շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել, և այն ես դատապարտում եմ: Լրագրողները, բժիշկները և այլ խաղաղ մասնագիտությունների տեր անձինք չպետք է լինեն հակամարտող կողմերի կրակի տակ»,- ասաց նա:
Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում մայիսի 10-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Նա վիրահատվել է։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ: