«Որպես իրավաբան՝ նշում եմ, որ 15 հազար դրամ ընտրակաշառք որակելու համար՝ նախ պետք է հանցակազմի առկայությունը ապացուցեք: Քաղաքապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի որոշում կայացնել քաղաքացուն ծառայության դիմաց գումար առաջարկելու և, հետևաբար, նրա այս առաջարկը ընտրակաշառք չէ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ դաշինքի ավագանու անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: 

 

Վերջինս զուգահեռներ անցկացրեց Գագիկ Ծառուկյանի նախընտրական խոստումների և Նիկոլ Փաշինյանի 15 հազար-ական դրամ առաջարկի մասին`շեշտելով, որ իրավական առումով՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի որպես քաղաքապետ՝ բյուջեում համապատասխան կետ մտցնելու, իսկ Գագիկ Ծառուկյանն՝ իրավական առումով՝ իրավունք չուներ, օրինակ, խաղողի մթերման գին բարձրացնել: Հենց այստեղ են այս թեկնածուների ասածների տարբերությունը:


Փաստաբանը ողջ ասուլիսի ընթացքում մեջբերեց տասնյակ օրենքներ` ամեն կերպ փորձելով ապացուցել, որ 15 հազար դրամը կաշառք չի կարելի որակել: 

 

Նա օրինական է համարում ԵԼՔ դաշինքի առաջարկը՝ շեշտելով՝ ի հեճուկս ԿԸՀ հայտարարության և արձագանքի:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝  եթե Տարոն Մարգարյանն էլ 25 հազար դրամ խոստանար իրեն ընտրելու դիմաց, արդյո՞ք սա էլ էր լինելու օրինական, փաստաբանը պատասխանեց. «Որևէ քաղաքական ուժ չի կարող այլ քաղաքական  ուժի ծրագիրը վերցնել և կիրառել: Տարոն Մարգարյանն էլ բյուջեում սոցիալական աջակցության կետեր ներառելու բազմաթիվ հնարավորություններ՝ ունեցել է»,-նշեց փաստաբանը: 

 

Խոսելով 15 հազար դրամ գումարի չափի ընտրության մասին՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Կատարվել են տնտեսական վերլուծություններ և հաշվարկվել է, որ սոցիալական օգնության ճիշտ չափը 15  հազար դրամն է»: