Այն, որ վարչապետ Կարապետյանի ջրերը երբեք ՀՅԴ-ի հետ միևնույն առվով չեն հոսել, առանձնակի գաղտնիք չէ. վարչապետության առաջին իսկ օրվանից՝ Կարապետյանը հասկացրեց բոլորին, որ այնքան էլ մեծ համակրանքով չի վերաբերվում Կառավարության դաշնակցական անդամներին: Սրա պատճառն, անկասկած, ոչ թե, ասենք, ՀՅԴ գաղափարների նկատմամբ հակակրանք ունենալն էր, այլ այն, որ ներկայում ՀՅԴ դարձել է կոնկրետ քաղաքական զենք՝ ընդդեմ Կարապետյանի:

Վարչապետի այցը Բնապահպանության նախարարություն՝ բավական լարված մթնոլորտում է անցել: Կապված հատկապես անտառահատումների խնդրի հետ՝ Կարապետյանը չափազանց կոպիտ է արտահայտվել նախարարության գործունեության մասին. վարչապետն, ակնհայտորեն, նյարդայնացած է եղել:

Թե ինչը կարող էր լինել Կարապետյանի զայրույթի պատճառն, իրականում չտեսնելն անհնար է. ՀՅԴ-ՀՀԿ վերաթարմացված կոալիցիոն համաձայնագիրն է իրական պատճառը: Իսկ թե ինչն է հատկապես Կարապետյանին զայրացրել այդտեղ, կարելի է պարզել՝ ընթերցելով կոալիցիոն հուշագիրն, ուր ուղղակիորեն բացակայում է վարչապետի թեկնածուի վերաբերյալ փոխպայմանավորվածության, համաձայնության մասին դրույթը՝ մի բան, որն առիթ է տալիս հետագայում քաղաքական մանիպուլյացիաների համար՝ վարչապետի վրա ճնշում բանեցնելու Դաշնակցության միջոցով ու այդպիսով նրան կառավարելի ու վերահսկելի պահելու. Կարապետյանին փաստացի զրկել են քաղաքական գործիչ դառնալու հեռանկարից՝ սահմանափակելով նրան զուտ վարչապետական գործառույթներով: Այս իրավիճակում, փաստորեն, այլևս որևիցե էական նշանակություն չի ունենալու այն, թե ով է լինելու վարչապետ 2018-ին ու դրանից հետո. միևնույնն է՝ իրական լծակները Կարապետյանին չեն պատկանելու:

Ներքաղաքական չափազանց ինտրիգային այս իրավիճակում, սակայն, ամենահետաքրքրականն այն է, որ բուն Հանրապետականում վարչապետ Կարապետյանի հանդեպ կարծես լավ են տրամադրված, ավելին՝ նրան համարում են «երաշխավորված վարչապետ»: Այսպես՝ Վահրամ Բաղդասարյանը ԶԼՄ-ներից մեկին տված իր վերջին հարցազրույցներից մեկում չափազանց ջերմ է արտահայտվել գործող վարչապետ Կարապետյանի հասցեին՝ ՀՀԿ որոշ շրջանակների շրջանում տիրող հակակարապետյանական տրամադրությունների մասին լուրերը համարելով պարզագույն հերյուրանք: Թե ինչ կարող են նշանակել Բաղդասարյանի պնդումներն այս ամենի ֆոնին, առավել քան ակնհայտ է:

Փաստորեն, մի կողմից՝ Հանրապետականը պահպանում է գոնե տեսանելի լոյալություն վարչապետի նկատմամբ, մյուս կողմից՝ Դաշնակցության միջոցով փորձում թույլ չտալ նրան վճռորոշ քաղաքական դերակատարում ունենալ ՀՀԿ-ի ներսում: Այլ կերպ ասած՝ միջնորդավորված կերպով ՀՀԿ-ն իր գերիշխող դիրքն է փորձում ամրապնդել Կարապետյանի նկատմամբ՝ ձևականորեն նրան խոստովանելով որպես իր կարևորագույն դեմքերից մեկը, մյուս կողմից՝ թույլ չտալով նրան ռեալ ազդեցություն ունենալ երկրի ներքաղաքական կյանքում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ