Աշտարակի քաղաքապետարանում «Նոր Հայաստանի» շունչը մեղմ ասած՝ չի զգացվում: Այստեղ երիտասարդ ՀՀԿ-ական քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շարունակում է ղեկավարել` առաջնորդվելով «հին ու բարի» օրերի ավանդույթներով: Օրինակ, քաղաքապետը կարող է նիստ հրավիրել և առանց համապատասխան քվորումի որոշումներ ընդունել, իսկ ներկաներին, ովքեր կփորձեն բացահայտ մատնանշել երիտասարդի խախտումները, պատասխանել նույն «հին ու բարի» ժամանակների ոգուն հարիր՝ սպառնալիքներով և անձնական վիրավորանքով:
Խոսենք փաստերով, Աշտարակի ավագանու վերջին նիստը երիտասարդ քաղաքապետի հետհեղափոխական սթրեսի պատճառով անչափ թեժ է անցել:
 
Իրեն սաստողին քաղաքապետը ասել է՝ «մենք բոլորս համախմբվել ենք, որպեսզի Աշտարակը դարձնենք լավ քաղաք: Ես քեզ էլ եմ ասում, աղջի, չփորձվեք համայնքապետարանի անվան հետ խաղալ»: Քաղաքապետը այս ելույթի ժամանակ նյարդայնացած մի քանի անգամ բռունցքով սեղանին է խփել, ավելացնելով. «Ես քեզ էլ եմ ասում, եղբորդ էլ եմ ասում, մի քանի ծրագիր անելու համար մեզ խայտառակում եք, եթե համարձակվեք ինչ-որ բան անել, շատ կփոշմանեք, ես հետո կասեմ, թե ով ով է ու վերջում ձեզ լավ չեք զգա, ու դա ես հաստատ եմ ասում:
 
Այնուհետև վիճաբանության ընթացքում համայնքապետը, չընդունելով իր թույլ տված սխալները, բավականին էմոցիոնալ ձեւով դուրս է հրավիրել «մեղավորներին», վերջում համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ Շանթ Վահանյանը հրահանգել է «դուրս քշել սրանց»: Ինչպես երևում է Շահվերդյանը որոշել է դիմել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի փորձված ՝ «դեմն առնելու» մեթոդներին, մոռանալով սակայն՝ ինչպիսի ավարտ ունեցավ Մարգարյանի պաշտոնավարումը: Գրեթե նմանատիպ մի սցենար էլ սպասվում է Աշտարակի երիտասարդ, իմպուլսիվ քաղաքապետին և բնավ էլ ոչ իր տարիքի, այլ ոչինչ չանելու, նախկին իշխանությունների վարքն ու բարքը, սպառնալիքի լեզուն Նոր Հայաստան բերելու պատճառով՝ մոռանալով, որ ինչպես ինքն է ասում՝ «համախմբել են որպեսզի Աշտարակը դարձնեն լավ քաղաք»:
 
Մինչդեռ Աշտարակը լավ քաղաք դարձնելու ճանապարհին կարելի է առանձնացնել միայն Շահվերդյանի երկու ազգանվեր ծրագրերը՝ առաջինը Նոր տարվան քաղաքի բյուջեից հրեշտականման զարդերի գնման համար 11 մլն 200 հազար դրամ հատկացնելը և, իհարկե, մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առթիվ կինոդիտումների տոմսեր եւ օծանելիքների ձեռքբերումը կառույցի աշխատակցուհիների համար: Դա այն պարագայում, երբ Աշտարակ քաղաքի բյուջեն ընդամենը 707 մլն դրամ է:
 
Ի դեպ, այս օրերին Աշտարակում ծավալվող իրադարձությունների ֆոնին տեղին է հիշել դեռևս քաղաքապետի թեկնածու Շահվերդյանի՝ հարցազրույցներից մեկում արված պայծառատեսությունը: Նա, մասնավորապես, ասել էր, որ ընտրվելուց հետո խոստումներ տալու կամ պարտավորվածություններ կատարելու մասով խիստ սահմանափակ է լինելու։ Սակայն, եթե իր անձնական բիզնեսում հաջողությունները գնահատված չլինեին, նա չէր մտնի այնպիսի դաշտ, որտեղից չաշխատելու դեպքում հաստատ օրհնված դուրս չի գա։ Ինչպես ասում են՝ ականջդ կանչի Վանգա…
 
 
Ս. Խաչատրյան